Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդու կյանքն ու առողջությունը փաստորեն որեւէ նշանակություն չուներ նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի համար

Հուլիս 18,2020 13:30

Շուրջ 3 ամիս առաջ անդրադարձել էի 65-ամյա իմ պաշտպանյալ Կամո Մուրադյանի լուրջ առողջական խնդիրներով քրեակատարողական հիմնարկությունում պահվելուն, սակայն այս ընթացքում թե «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածները վարույթն իրականացնող մարմնին ու դատարան տրամադրելը, թե պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները, եւ որ ամենակարեւորն է՝ Կամո Մուրադյանի առողջականի օրեցօր վատացումը քրեակատարողական հիմնարկությունում, որեւէ նշանակություն չունեցավ անգամ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր պր-ն Տ. Սահակյանի համար, երբ քննարկվում էր Կամո Մուրադյանի պաշտպանների վերաքննիչ բողոքները խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ,  որի արդյունքում մերժվեցին պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքները:

Ստիպված եմ հրապարակել այն բժշկական փաստաթղթերը, որոնց պայմաններում վարույթն իրականացնող մարմինն էլ, գործով մասնակցող դատախազն էլ իրենց բժշկի տեղ դնելով, մեկը մերժում է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասով, մյուսն էլ չի կարեւորում այդ փորձաքննության նշանակումը:
Դատավորն էլ, բառացի ընթերցելով ստորեւ ներկայացվող բժշկական փաստաթղթերը, հայտարարեց՝ «ուրիշ ի՞նչ հիվանդություն պետք է ունենար մեղադրյալը:
Մնում է, որ գրվեր, որ ունի քաղցկեղ, կյանքին մնացել է մեկ ամի՞ս: Ինչո՞ւ չեք նշանակում փորձաքննությունը»: Նկատելի է, որ ըստ այս փաստաթղթի՝ Կամո Մուրադյանի վիճակը գնահատվել է ծանր, 26.06.2020թ.-ին առանց այն էլ սրտի բաց վիրահատություն նախկինում տարած անձի նկատմամբ, կապված սրտի վատանալու հետ, բժշկական լուրջ միջամտություն է ցուցաբերվել:

Տվյալներ ունեմ, որ նրա վիճակը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում վատանալիս շտապօգնության կանչեր են գրանցվել եւ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց լրացուցիչ ստուգումներ անցկացնելու համար: Եվ այսքանից հետո 65-ամյա շաքարային դիաբետով (ինսուլինային կախվածությամբ), «C» հեպատիտով եւ բազմաթիվ այլ հիվանդություններով տառապող անձինք շարունակում են պահել կալանքի տակ: Չգիտես ինչի՞ վերագրել դատավորի այս քայլը՝ սովետական ժամանակներից մնացած սովորո՞ւյթ՝ որպես այդ ժամանակներից եկող դատավոր, թե՞ վերեւներից թելադրված քայլ, երբ անգամ պաշտպանական կողմը միջնորդել է թեկուզ խափանման միջոց գրավ՝ մինչեւ 10 մլն դրամի չափով կիրառելու, որի մուծմանը վերջինիս հարազատները պատրաստակամություն են հայտնել:

Վտանգված է Կամո Մուրադյանի կյանքի իրավունքը, էլ չեմ ասում, որ խախտվել է նրա առողջության պահպանման իրավունքը:

Միայն վերաքննիչի դատական նիստից հետո մասնակցող դատախազը խոստացավ բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասով…

Տա Աստված, որ ուշացած չլինի այդ միջնորդության բավարարումը:

Կարինե ԳԱՍՊԱՐՅԱՆ

փաստաբան, քրեական գործով պաշտպան

«Առավոտ» օրաթերթ
17.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031