Լրահոս
Օրվա լրահոսը

«Առցանց համերգը նման է հովանոցով արեւայրուք ընդունելուն»

Հուլիս 18,2020 13:00

Հարցազրույց հայկական ժողարվեստում ճանաչված կատարող-ստեղծագործող, «գյուտարար» Նորայր Քարտաշյանի հետ

– Հայկական ժողովրդական գործիքները վաղուց ներմուծվել են երաժշտարվեստի տարբեր ոլորտներ, այդ թվում՝ դասական, ջազ եւ այլն։ Դուք հայտնի եք ոչ միայն  որպես ժողովրդական փողային բոլոր գործիքներով  հանդես եկող երաժիշտ, այլեւ այդ գործիքները մոդեռնիզացնող մասնագետ։ Ձեր ստեղծած «Վան պրոջեքթ»-ի եւ «Մենուա» խմբի հետ հանդես եք եկել նաեւ արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Թողարկել եք երկու CD, որոնց անուններն արդեն խոսուն են՝ «Անտիկ պատմություններ» եւ «Ծառաստան»։ Գիտենք, որ մինչ օրս էլ շարունակվում է ձեր համագործակցությունը հանրահայտ ջազմեն Տիգրան Համասյանի ու «Կատուներ» ջազ բենդի հետ եւ այլն։ «Առավոտի» հետ զրույցներում ձեր գործընկերները հաճախ կատակում են, որ հյուրախաղերով հանդես չեք եկել միայն Անտարկտիդայում։ Նախ կխնդրեինք լայն ընթերցողին ներկայացնել  ձեր ղեկավարած երկու խմբերին, որոնք ըստ էության կազմված են հայկական ժողովրդական ու փողային ժողովրդական գործիքներից։

– «Վան պրոջեքթում» բոլոր հայկական ժողովրդական գործիքներն են, իսկ «Մենուայում» ընդգրկված են միայն ժողովրդական փողային գործիքների 5 ընտանիքներ՝ դուդուկ, զուռնա, պկու-պարկապզուկ, շվի եւ բլուլ։ Բնականաբար, հնչեցնում ենք եւ աշխարհում տարածում մեր ժողովրդական երաժշտության գոհարները։
                                                                 Երաժիշտը «Վան» խմբի հետ

– Մոդեռնիզացման ճանապարհով ստեղծում եք նոր ժողգործիքներ, կմանրամասնե՞ք։

– Ստեղծել եմ նոր հիբրիդային գործիք՝ սարի դուդուկ, որը ըստ էության դուդուկի եւ բլուլի հիբրիդ է։ Պատկերավոր ասած՝ դա հիբրիդային ընտանիք է, որ կազմում են բաս, տենոր եւ ալտ հնչողությամբ սարի դուդուկները։ Համավարակի շրջանում չեղարկվել են հյուրախաղերս, բայց դա չի նշանակում, որ ստեղծագործական ընթացքս լիովին կանգ է առել։ Աշխատում եմ նոր ժողգործիքների մոդեռնիզացման ուղղությամբ, այս պահին սրինգի։
                                                         «Մենուա» խմբի հետ

– Ռիսկային չէ՞ մոդեռնիզացնել կոմիտասյան սրինգը։

– Միանշանակ՝ ոչ։ Երաժշտարվեստում կան հաջողված նման նախադեպեր։  Օրինակ, բարոկկո շրջանի հոբոյը, կլարնետը, անցել են նույն ճանապարհը եւ այսօր ունեն լավ տեմպերացված, լավ որակի, ինչու ոչ՝ թեկուզ արտաքնապես ակնահաճո գործիքներ՝ նոր ֆագոտ, շեփոր եւ այլն։
                                                                           «Կատուներ» խմբի հետ

– Հետաքրքիր է՝ որտեղի՞ց եկավ ժողովրդական փողային գործիքները մոդեռնիզացնելու գաղափարը։

– Գաղափարը եկավ առաջին նախագծիս՝ «Վանի», ստեղծումից (2009թ.)։ Ոչ թե հարկավոր էր, այլ անհրաժեշտ էր թեկուզեւ մեզ քաջածանոթ ժողովրդական հանրահայտ  մեղեդիները նորովի հնչեցնել։

– Իսկ ձեր ստեղծած նոր գործիքները տարածում ստացե՞լ են։

– Այո, մեզանում ստացել են։ Դրանք ես առաջինը փորձարկում, ապա օգտագործում եմ իմ ղեկավարած խմբերում։

– Համավարակով պայմանավորված չեղարկվել են ձեր հյուրախաղերը, բայց ձեզ առցանց  էլ չենք հանդիպում։

– Հարցի երկրորդ մասից սկսեմ, իհարկե՝ կատակով. անհնար է, չէ՞, հովանոցով արեւայրուք ընդունել։  Երաժիշտը իր էներգիան բեմից պետք է հղի հանդիսատեսին եւ փոխադարձը ստանա։ Ես միանշանակ ոչ, բայց կարծում եմ՝ գործընկերներս էլ չեն ընդունում այդ ձեւաչափը։ Իսկ առցանց հետեւում եմ միայն աշխարհում կատարվող իրադարձություններին, այդ թվում՝ մշակութային։

– Մեզ հասած տեղեկություններով՝ «Մենուա» խմբով մարտին պատրաստվում էիք շրջագայության եվրոպական երկրներ…

– «Մենուայի» ընկերակցությամբ Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Շվեդիայում ծրագրված էին մենահամերգներս, բայց հասկանալի պատճառով դրանք ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել են։ Ի դեպ, 2019թ. «Մենուայի» հետ Նորվեգիայում էի, հետո «Գյուլբենկյան կենտրոնի» հրավերով աշնանը Պորտուգալիայում կայացավ Տիգրան Համասյանի հետ համատեղ համերգ, երեկոյին մասնակցեց նաեւ տեղի «Գյուլբենկյան» երգչախումբը… Ի դեպ, 2018թ. «Մենուա» խմբով մասնակցել ենք 50 խմբերի թվում հեղինակավոր, Կանարյան կղզիներում անցկացվող ամենամյա WOMEX 2018 միջազգային ցուցահանդեսին, որի հարյուրավոր մասնակիցներ ընտրվել էին նախապես ուղարկված տեսագրություններով…
                                          Նորայր Քարտաշյանը եւ Տիգրան Համասյանը

– Կատակում են, թե Տիգրան Համասյանի հետ ձեր համագործակցությունն ունեցել է սկիզբ, բայց ավարտ չի ունենալու։

– Ես կասեի հաջողված կատակ է։ Այս պահին հիշեցի Համբուրգի հեղինակավոր ELDB ֆիլհարմոնիկ համերգասրահում, եթե չեմ սխալվում՝ 2018-ին էր, երեկոն՝ մասնակցությամբ Համասյանի եւ մեր հիանալի երգչախմբերից մեկի՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարած կոլեկտիվի հետ։ Ի դեպ, 2021-ին կկայանան Տիգրան  Համասյանի եւ իմ համատեղ հյուրախաղերը Արեւմուտքում։

– Դուք նաեւ ստեղծագործում եք։ Մեր ժամանակներում ցանկացած արվեստագետ, որը նաեւ ստեղծագործում է, իրեն կոմպոզիտոր է հռչակում…

– Չէ, չէ, ես չեմ հավակնում կոմպոզիտորի կոչման, բայց պետք է փաստեմ, որ քանակի առումով իմ ոչ հարուստ ստեղծագործություններից մեկ-երկու, օրինակ՝ «Օրոր» եւ «Անի» գործերը «Կատուներ» խմբի մեկնաբանմամբ ոգեւորությամբ են ընդունվել դրսում։

– Վերադառնանք մեր իրականություն, ուր թագավորում է համավարակը։ Մեծ հաշվով ավելի շատ տուժում են ազատ ստեղծագործողները, որոնց թվում նաեւ դուք եք։ Մինչդեռ, օրինակ, Լիտվայում ազատ ստեղծագործողներին հատկացվել է 3 մլն եվրո…

– Ոչ միայն Լիտվան… Կուզեի, որ մեր պետությունը ընդհանրապես եւ այս իրավիճակում հատկապես, ուշադրությունն ուղղեր նաեւ ազատ արվեստագետներին։ Տեսեք, չկա քաղաքակիրթ եւ ոչ մի երկիր, որտեղ երաժիշտը վճարվի համերգի տոմսերի վաճառքից ստացված եկամտից։ Պարզից էլ պարզ է, որ ցանկացած համերգի եկամուտ բավարար չէ երաժիշտներին վճարելու համար։ Եվ անհրաժեշտ է ի վերջո ունենալ օրենք մեկենասության եւ հովանավորչության մասին, որի միջոցները կուղղվեն նաեւ ազատ դաշտում ստեղծագործող ազատ արվեստագետներին։

Օրենքը՝ օրենք, մի կողմից՝ համաճարակը, մյուս կողմից՝ ռազմական գործողությունները… Կուզեի, որ գեներալից մինչեւ զինվոր, վարչապետից մինչեւ մաքրուհի, կարճ ասած՝ բոլորս մի կողմ դնեինք սեփական ամբիցիաները, հաղթահարեինք համաճարակը, իսկապես լծվեինք ստեղծագործ աշխատանքի: Քիչ խոսենք ու շատ աշխատենք…

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031