Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացա, որ չեմ ցանկանում հանձնվել, ու ծնվեց վավերագրական տեսաշարը»

Հուլիս 18,2020 12:30

Հարցազրույց  լիսաբոնաբնակ ճանաչված երաժիշտ, ջութակահար, «Հայրիկ Մուրադյան» ՀԿ նախագահ Նարինե Դելլալյանի հետ

– Ինչպե՞ս հղացաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 115-ամյակին նվիրված յուրօրինակ շարքի գաղափարը, որը պարբերաբար հրապարակում էիք ֆեյսբուքում:

– Ստեղծված իրավիճակը, կապված համավարակի հետ, թելադրեց իր օրենքները։ Ինչպես ամեն տարի, մտադիր էինք մեծ համերգ կազմակերպել տարբեր խմբերի, անհատ երաժիշտների հետ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի ծննդյան 115֊րդ ամյակին։ Վարակը ամեն բան խառնեց իրար, եւ աշխարհը կանգ առավ։ Մի շարք ծրագրեր, որոնք ունեինք մեր հաջորդ ամիսներին՝ վարպետաց դասեր, բազմաթիվ համերգներ, այդ թվում նաեւ մեր՝ «Դելլալյան եռյակի» այցը Հայաստան մասնակցելու Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150֊րդ ամյակին նվիրված տոնակատարության համերգին, բնականաբար հետաձգվեցին։ Հասկացա, որ չեմ ցանկանում հանձնվել, եւ որոշեցի մեկ այլ ձեւաչափ ընտրել եւ օգտվել այսօր մեր առջեւ շռայլորեն բացված տեխնոլոգիական հնարավորություններից, որի դեպքում տարածությունները ջնջվում են, սահմանները՝ վերանում։

Նպատակադրվեցի ստեղծել մի վավերագրական տեսաշար, որտեղ մարդիկ կպատմեն իրենց եւ Հայրիկի հետ կապված պատմություններ, կկիսվեն իրենց մտորումներով ու խոհերով։ Իմ առաջարկին արձագանքեցին ամենատարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ, որը առավել հետաքրքիր դարձրեց շարքը։ Հայրիկը իր շուրջը համախմբեց մարդկանց, ում համար Նրա թողած ժառանգությունը երգի միջոցով փոխանցված գաղափարախոսությունն է, մեր ինքնությունն է, մենք ենք։ Մտադիր էինք ամբողջ մայիս ամիսը նվիրել «ՀԱՅՐԻԿ -115» շարքին, բայց պարզվեց՝ այնքան ասելիք կար, որ այն տեւեց ինը շաբաթ։ Սա, իհարկե, մեր բարձրակարգ մասնակիցների շնորհիվ։ Կարծում եմ՝ անչափ կարեւոր էր հանձինս Հայրիկ Մուրադյանի համախմբել այն կուտակված միտքը, վերաբերմունքը մեր ազգագրական մշակույթի, պատմության մասին, կամրջել ժամանակները։

– Ինչպես Հայրիկ Մուրադյանի՝ ադամանդի պես փայլեցրած զուլալ ազգային երգերն են միավորում բոլորիս, այնպես էլ նրա հոբելյանը միավորեց տարբեր սերունդների մարդկանց։ Երկու ամիս տեւած աշխատանքի ընթացքում պատահած ի՞նչ հետաքրքիր դրվագներ կան, որոնց մասին կուզենաք պատմել։

– Բնականաբար, վերջին ամիսներին բոլորիս համար սահմանափակ կյանքը որոշ խոչընդոտներ է առաջացրել, սակայն մասնակիցների բարձր գիտակցությունը կարողացավ կոտրել ամեն տեսակի դժվարություններ։ Եղան մարդիկ, որոնք անգամ «խիզախեցին» դուրս գալ տնից եւ հասնել որեւէ ստուդիա, որակյալ, իրենց խոսքով՝ Հայրիկին վայել տեսանյութ ձայնագրելու համար։ Ցավալի էր, որ հիվանդության պատճառով որոշ մարդիկ էլ չկարողացան մասնակցել։ Մյուսն էլ, ում որդին աշխատում էր հիվանդանոցում եւ շատ զգույշ էր մեծահասակ ծնողներին վնաս չտալու համար,  ոչ մի կերպ չէր կարողանում գնալ, տեսագրել իր հայրիկին, ում մասնակցությունը այս շարքին անչափ ցանկալի էր։ Բոլորին, բոլորին խորին շնորհակալությունս այս ծավալուն գործին մարմին տալու համար։

– Եղե՞լ է պահ, որ որոշել եք շարքն ընդհատել, քանի որ աշխարհում եւ Հայաստանում դժվար ժամանակներ են։

– Այո, ինը շաբաթը երկար ժամանակ է, որի ընթացքում ամենատարբեր իրադարձություններ էին տեղի ունենում։ Վարակվածների թիվը եւ ընդհանուր վիճակը իհարկե ազդում էր տրամադրության վրա, եւ մտածում էի՝ գուցե ժամանակը չէ։ Նաեւ մեր երկրում տիրող չափազանց քաղաքականացված վիճակը, քաղաքական իրադարձությունները պատճառ էին դառնում մեկ պահ կանգ առնելու համար, բայց եւ անմիջապես հասկանում էի, որ մարդկանց սթափեցնող ու բարիացնող «գործիքը» կրկին մշակույթն է։ Վստահ եմ, որ հատկապես դժվարին պահերին շատերը մշակույթի, արվեստի մեջ են օդ գտնում՝ շնչելու համար։ Երաժշտությունը, թատրոնը, գրականությունը, նկարչությունը… Արվեստն է, որ պահպանում է մարդկային հոգեկան հավասարակշռությունը։ Իմ նպատակն էր նաեւ՝ այս խառը ժամանակներում թեկուզ մի կտոր լույսի կարիքը ունեցող մարդկանց համար ստեղծել բարի ու ջերմ հարթակ։ Իսկ Հայրիկի երգերը իր շնորհիվ երկրորդ կյանք ստացած այն զուլալ ջրերն են, որոնցով մաքրվում է յուրաքանչյուր հայու հոգի։

– Ինչպե՞ս են արձագանքում մարդիկ այս գեղեցիկ շարքի գոյությանը։

– Երբ սկսում էի շարքը, չգիտեի ինչպիսին այն կլինի, չէի կարող պատկերացնել, որ այսչափ հետաքրքրություն կառաջացնի, այսքան կդիտվի, կտարածվի։ Յութուբյան հաշվարկներն են նաեւ դա ցույց տալիս, որտեղ տեղադրված են մեր տեսանյութերը։ Մենք մշտապես խոսում ենք մշակույթ կրողի մասին, երբեմն առանց պատկերացնելու, թե ինչպիսին է նա։ Հայրիկ Մուրադյանը այն հրաշալի օրինակն է, մշակույթի կրողը, որի ուժը իր շուրջը համախմբեց այդքան փառավոր մարդկանց, որոնց վերապրումների ու զգացումների միջոցով գնացինք մեր պատմության, մեր մշակույթի խորքերը։

– Հրաշալի աշխատանք եք կատարում, ի՞նչ այլ գաղափարներ կան՝ Հայրիկի լույսը միշտ վառ պահելու առումով։

– Կարծում եմ սա շարունակական ընթացք է եւ ոչինչ կանգ չի կարող առնել։ Մենք մշտապես լսում ենք Կոմիտաս, մշտապես կատարում իրենից մեզ հասած երաժշտական ժառանգությունը։ Նույնը նաեւ Հայրիկն է։ Նրա երգերը մշտապես ուղեցույց են մեզ, կատարվում եմ մշտապես։ Ի դեպ, շատ հետաքրքիր մի ընթացք է նոր թափ առել։ Տարբեր երաժիշտներ մշակում են Նրա երգերը եւ նորովի մատուցում։ Սա  երկխոսություն է ժամանակների միջեւ։ Գուցե մեր հաջորդ համերգը տարբեր մշակումներից բաղկացած երգացանկով լինի։ Բայց մինչ այդ ցանկանանք, որ աշխարհը շուտով ապաքինվի ու վերականգնի իր բնականոն կյանքը, անդորրը։ Բոլորին առողջություն ցանկանանք։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Նարինե Դելլալյանի լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի:

«Առավոտ» օրաթերթ
17.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031