Միշտ ասում եմ՝ մտքինը գործ դարձնելու համար ոչ միայն պետք է խելացի լինել, այլ պետք է իմանալ` ինչպես օգտագործել մարդու մեջ առկա հնարավորությունները, այս դեպքում՝ ինքդ քո հնարավորությունները: Անշուշտ, բարի եւ անհրաժեշտ նախաձեռնությունները միշտ պսակվում են հաջողությամբ:
Այս անգամ անդրադարձս մի շատ կարեւոր արցախյան բրենդի՝ «Նախշուն թեյի» մասին է:
Ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը, ի՞նչ հեռանկարներ ունի եւ ինչպիսի՞ արձագանք է գտել թեյասերների շրջանում. այս եւ այլ հարցերի պատասխանել է «Նախշուն թեյ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Գաբրիելյանը: Բայց մինչեւ դրան անցնելը, ճիշտ եմ համարում մի քանի խոսք գրել Դավիթի մասին: Աշխատասեր ու հետաքրքրասեր տեսակի մեջ եզակի սկզբունքների տեր երիտասարդը նոր գաղափարների պակաս չունի: Իր խելացի կերպարի մեջ ամբողջացնելով արդի մոտեցումները՝ փորձում է անել հնարավոր ամեն բան: Վերջերս նա օրվա մեծ մասը անցկացնում է սարերում, որտեղից ծաղիկ է հավաքում փոքր եղբոր՝ Տիգրանի հետ: «Սարի Դավիթը» բացառիկ նորույթ մտցրեց շուկա, որը մի քանի օրում մեծ արձագանք ստացավ հանրության կողմից: «Նախշուն թեյ»-ը դարձավ հայկական թեյախմության զարդը, իսկ Դավիթի նախաձեռնությունը՝ էլ ավելի զարդարեց սկսած գործը:
Այս թեյը մտավ շուկա, նպատակ ունենալով տեղացիներին, հայաստանցիներին ընձեռելու հնարավորություն՝ օգտվելու մեր բնության հրաշք բույսերից: Գաղափարը Դավիթի մոտ վաղուց էր, իսկ ինքնամեկուսացման ժամանակահատվածը իր դրական կողմն ունեցավ՝ Դավիթը սկսեց գաղափարն իրագործել, քանի որ ժամանակը շռայլ էր: Դրական կողմեր ունեցող բիզնեսում Դավիթը դեռ բացասական կողմ չի նկատել, բայց ինքն էլ ունի մի շարք բիզնես ծրագրեր, որոնց մասին շատ չծավալվեց, քանի որ չի ուշանալու այդ ամենը:
Չշեղվելով «Նախշուն թեյ»-ից՝ Դավիթն ասաց, որ թողարկված թեյերը դեռեւս չորսն են՝ «Ընկերներով խմելու թեյ», «Ընտանիքով խմելու թեյ», «Բարեկամներով խմելու թեյ» եւ «Երկուսով խմելու թեյ» անվանումներով: Նաեւ յուրօրինակ է թեյի տուփի դիզայնը. քանի որ կրեատիվության ծնունդ է «Նախշուն»-ը, տուփերի վրա անպակաս են նաեւ արցախյան բարբառով ասույթները, օրհնանքները: Կարծում եմ թեյ խմելուց առաջ դա եւս նպաստում է տրամադրության բարձրացմանը, ինչը շատ կարեւոր է:
Դեռ շատ նորություններ կլինեն, վստահեցնում է Դավիթը, ամեն ինչ իր ժամանակի մեջ է գեղեցիկ: Կանաչ ճանապարհ մաղթենք մեր արցախյան թեյերի թագուհի «Նախշուն»-ին, իսկ Դավիթ Գաբրիելյանին՝ նոր գաղափարներ ու կրեատիվ մտքեր:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
«Առավոտ» օրաթերթ
17.07.2020