ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Այսօր ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցանք ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։
Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին և Արցախին մշտապես սատարելու հարցում:
Կարևորվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնումը և խորացումը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվեցին նաև մարզի Բերդ քաղաքի և Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմամբ:
Այդ համատեքստում օրենսդիրներն անդրադարձան նաև Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերին:
Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձել է նաև Ֆրենք Փըլոնն իր թվիթերյան էջում»: