Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։
Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսափող համարվող մերձիշխանական «Sabah» օրաթերթի էլկայքի տեղեկացմամբ՝ բողոքի երթին մասնակցել է շուրջ 150 մարդ, հիմնականում թուրքաբնակ ադրբեջանցիներ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ և Թուրքիայում ուսանող օտարերկրացիներ։
Բողոքի հիշյալ երթը կազմակերպել է «Էսքիշեհիրի ադրբեջանական միությունը», որի ղեկավար Ջավիդ Այդընը երթի ավարտին տվել է մամուլի ասուլիս և կրկնել թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը՝ կապված Ղարաբաղի և հայկական այլ պատմական հողերի հետ։ Այդընը շեշտել է նաև, թե հայկական լոբբիստական ուժերը աշխարհով մեկ հակաթուրքական արշավներ են իրականացնում։
Բողոքի երթի մասնակիցները վանկարկել են հակահայկական լոզունգներ և հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։