Սահմանամերձ գյուղերն ապրում են բնականոն կյանքով
Այսօր օրը խաղաղ է եղել եւ բնակիչները, ըստ հնարավորության, վերադարձել են բնականոն կյանքին: Հայկական միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա ասաց, որ առաջին օրերին գնդակոծությունների եւ ռմբակոծությունների արդյունքում ավերված տների վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են: Բնականաբար, խոսքն այն վերականգնումների մասին է, որոնք երկարատեւ աշխատանքներ չեն պահանջում: Այդ աշխատանքները սկսվել են Այգեպար գյուղում, վաղը կսկսվեն նաեւ Կարմիրաղբյուրում:
Հայկ Չոբանյանն այն կարծիքին չէ, որ վերականգնողական աշխատանքներում շտապում ենք, նա համոզված է, որ դրանց անմիջապես պետք է անցնել: Վերականգնողական աշխատանքներում հապաղելը մարզպետն անվանում է «աղքատ մտածողություն», ինքը համոզված է՝ «աղքատությունը գլխի մեջ է, ոչ թե գրպանում»:
Ասում է՝ ամեն ինչ պետք է անել, որ բնակիչները վաղը նորից չասեն՝ գուցե սպասենք, գուցե էլի կկրակեն, այլ իմանան, որ քաղաքակիրթ կյանքն իրենց արժանի վիճակ է եւ դա նաեւ սահմանին ապրող մարդու համար է: Ավելի, ըստ նրա, սահմանին ապրող մարդը այլ առավելություններ էլ պետք է ունենա, որպեսզի սահմանին ապրելն արդարացված լինի: Նա շնորհակալություն հայտնեց ժողովրդին՝ իրենց համեստության համար, բայց կրկին հայտարարում է՝ լավ վիճակը իրենց արժանի վիճակ է:
Կարդացեք նաև
Վնասների փոխհատուցում չի իրականացվելու, այլ վերականգնվելու են մարդկանց պատճառված վնասները: Մարզպետն ասաց, որ եթե վերականգնվող բնակարաններում կլինեն այլ խնդիրներ եւ դա կլինի տեղական իշխանության հնարավորությունների սահմաններում, նաեւ դրանք կհոգան: Իսկ այն բնակարաններն ու տները, որոնք վերականգնման ենթակա չեն լինի, դրանց փոխարեն նորերը կգնվեն ու կտրամադրվեն քաղաքացիներին:
Սահմանամերձ գյուղերում ճանապարհաշինական եւ ջրամատակարարման շինարարական աշխատանքները նույնպես շարունակվում են: Որոշ սահմանափակումներ են եղել երեկ, որպեսզի շինարարները հրթիռակոծության թիրախ չդառնան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ