Իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանդարտ է եղել
Ամբողջ օրը իրավիճակը առաջնագծում եղել է հանդարտ, կրակոցները եղել են հրաձգային զենքերից: Քիչ առաջ միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում, վերլուծելով սահմանային իրավիճակը, հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը: Նա այսօր այցելել է զորամասերից մեկը. զորքերի եւ հրամանատարության ոգին բարձր է, հայկական զինված ուժերն էլ լիովին տիրապետում են իրավիճակին: Ըստ բանախոսի, տեսնում ենք հակառակորդի բոլոր շարժերը եւ եթե որեւէ սադրանք կատարվի՝ արժանի հակահարված կստանան:
Վերջին օրերի սահմանային լարված իրավիճակը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, որեւէ կերպ չի կարող պատճառ դառնալ զորակոչի կամ զորացրման հետաձգման: Դրանք պլանային միջոցառումներ են:
Այս օրերին Թուրքիայում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ թուրքական կողմն իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանի գործողություններին: Ավելին, այսօր Բաքու է ժամանել թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռ:
Կարդացեք նաև
Նաեւ, ՌԴ հարավային եւ արեւմտյան շրջաններում անակնկալ զորավարժություններ են սկսվել: Լրագրողների այս հարցերի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքական անցուդարձերը իրար հետ կապելու իրավասություն չունի, բայց Թուրքիայի կեցվածքը՝ քաղաքական եւ գործնական առումով, նորություն չէ: Նա, սակայն, զավեշտալի է համարում, թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի ժամանումը Բաքու, քանի որ ռազմական առումով, Ադրբեջանը կարծես ինքնաբավ պետություն էր՝ հոխորտացող հռետորաբանությամբ, բայց եթե վերջին մարտերից հետո դրա հրատապ կարիքը կա,ապա արդեն հարցեր են առաջանում:
Ինչ վերաբերվում է ռուսական զինված ուժերի զորավարժություններին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՌԴ-ն մեծ պետություն է՝ հզոր բանակով, հաճախ կարող է նման գործողություններ իրեն թույլ տալ: Դրանց՝ քաղաքական իրադարձությունների հետ կապի մասին նույնպես չխոսեց: Միայն ասաց՝ ՀՀ զինված ուժերը պայմանագիր ունեն ռուսական զինված ուժերի հետ, մասնավորաբար՝ 102 ռազմաբազայի հետ, այդ թվում նաեւ այս զորավարժությունների շրջանակում, համատեղ միջոցառումների իրականացման, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զինավարժարաններում: 102-րդ ռազմաբազայի հետ, այս զորավարժություններում կներգրավվեն ՀՀ զինված ուժերը՝ մեծ քանակությամբ, մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային եւ այլն;
Լրագրողներից մեկը շարունակեց՝ հայ-ռուսական համատեղ զորախումբ կա եւ բազմիցս հայտարարվել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների դեպքում այդ զորախումբը կարող է գործի դրվի: Համատեղ զորախումբը ի՞նչ գործառույթներ ունի, երբ Հայաստանը փաստացի պատերազմ է վարում:
Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրեց՝ հայ-ռուսական համատեղ զորախումբը ունի գործողությունների համապատասխան պլան. լինի ՀԱՊԿ, թե առանձին զորախմբի կիրառության հարց, ՀՀ զինված ուժերը տվյալ դեպքում՝ ընթացող մարտական գործողությունների ծավալից, բնույթից ելնելով, լիովին ինքնաբավ են եւ կարողանում են լուծել իրենց խնդիրները: Այլ զորամիավորումների ներգրավման անհրաժեշտություն չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ