Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պետականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս՝ հերթական սպառնալիքը մենք պետք է դարձնենք հնարավորություն

Հուլիս 17,2020 22:15

Տավուշում արդեն մոտ մեկ շաբաթ շարունակվող ռազմական գործողություններում մեր զինված ուժերը իրենց խնդիրն ու առաքելությունը կատարում են գերազանց մակարդակով։ Մեր բանակի գործողությունները, սակայն, դուրս են զուտ ներհայաստանյան իրականությունից, և պարզունակ է մոտեցումը, թե հայկական զինված ուժերը ապահովում են սոսկ Հայաստանի և Արցախի անվտանգությունը։

Իրականում Ադրբեջանի ռազմական սադրանքին տրված ու տրվող պատժիչ գործողություններով Հայկական բանակը լուծում է շատ ավելի լայն, գլոբալ խնդիր․ այն, ինչ անում են մեր զինված ուժերը ավելի մեծ համատեքստում տեղավորվում է տարածաշրջանային անվտանգության ու կայունության տրամաբանության մեջ։ Իսկ դա նշանակում է, որ հայկական բանակի գործառութային նշանակությունը շատ ավելի մեծ է, քան զուտ մեր սահմանների ու բնակավայրերի անվտանգության պաշտպանությունը։ Արցախյան պատերազմում տարած հաղթանակից ի վեր՝ արդեն շուրջ երեք տասնամյակ, Հայաստանի զինված ուժերը լուծում են ռեգիոնալ անվտանգության ու կայունության ապահովման խնդիր, ինչը շատ ավելի սուր է արտահայտվում հատկապես այս օրերին, նոր փոփոխվող աշխարհակարգում։

Իր իսկ հրահրած ռազմական գործողություններում ասիմետրիկ ու պատժիչ պատասխան ստանալուց հետո արդեն երեկ Ադրբեջանը դիմեց վերջին հուսահատ քայլին՝ աշխարհաքաղաքական բնույթի արկածախնդրության՝ պաշտպանական գերատեսչության մակարդակով հայտարարելով Մեծամորի ատոմակայանը խոցելու սպառնալիքի մասին։ Այդ հայտարարությամբ, որն արդեն ոչ թե քաղաքական, քարոզչական, այլ գործառութային նշանակություն ունեցող գերատեսչական հայտարարություն էր, Ադրբեջանն իրեն դրսևորեց ոչ միայն որպես Հայաստանի, այլ նաև համաշխարհային կարգի, մարդկության դեմ ուղղված ագրեսոր։

Ադրբեջանի վերջին ռազմական արկածախնդրությանը Թուրքիայի հետևած հայտարարությունները, անվերապահ աջակցության մասին կոչերը վկայում են այն մասին, որ սրանք զուտ հայ-ադրբեջանական զարգացումներ չեն, և շոշափում են շատ ավելի լայն, առնվազն տարածաշրջանային համատեքստ։ Թուրքիայի կողմից հնչող սպառնալից հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության հարցը, որը թվում է՝ անցյալի հարց է, իրականում արդիական է նաև այսօր։ Այսինքն՝ մենք գործ ունենք հայկական պետականության համար կենսական, գոյաբանական նշանակություն ունեցող երկու հիմնախնդիրների՝ ցեղասպանության և արցախյան հակամարտության միաժամանակյա ակտիվացման, առնվազն դրանց սպառնալի դրսևորումների հետ։

Այս երկու հիմնախնդիրներն էլ լայն իմաստով ընկած են աշխարհի հետ մեր հարաբերությունների առանցքում։ Իսկ դա նշանակում է, որ մեր պետության ու պետականության դեմ ուղղված այս՝ հերթական սպառնալիքը մենք պետք է դարձնենք հնարավորություն, հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման գործում մեր՝ հայկական պետությունների ունեցած անփոխարինելի դերակատարությունը։ Հայոց ցեղասպանության հարցը մենք աշխարհին պետք է ներկայացնենք ոչ թե որպես անցյալի, պատմական հիմնախնդիր, այլ այսօրվա, ներկայի գոյաբանական սպառնալիք, որը դրսևորվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Ընդ որում, այդ սպառնալիքն արդեն դուրս է գալիս հայկական պետությունների անվտանգային տիրույթից և առնչվում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը, որի պաշտպանությամբ էլ զբաղված են մեր զինված ուժերը վերջին մի քանի օրերի ընթացքում։

Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը, որի մասին, ի դեպ, խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ազգային անվտանգության նոր հայեցակարգի ընդունման ժամանակ, պետք է արտահայտվի ռեգիոնալ կայունության ու խաղաղության ապահովման գործում մեր ներդրմամբ ու ավանդով։ Ինչպես ռազմի դաշում, այնպես էլ ու առավել ևս՝ դիվանագիտական ճակատում մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի աշխարհը մեզ ընկալի ու վերաբերվի որպես տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության մատակարարի, մենք պետք է աշխարհի բոլոր մայրաքաղաքներին հասցնենք այն ուղերձը, որ տարածաշրջանային խաղաղությունն անցնում է մեր սահմաններով, և որ մեր զինված ուժերը ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության երաշխավորներն են։

Այս իրողություններն ու գործոնները վկայում են, որ Ադրբեջանի վերջին հարձակումներից հետո Հայաստանի համար ստեղծվել են բացառիկ հնարավորություններ՝ աշխարհի հետ մեր հարաբերությունները միանգամայն այլ հարթություն տեղափոխելու ու աշխարհի համար մեր դերն ու նշանակությունը վերջնականորեն ամրագրելու համար։ Լայն իմաստով, մենք այլևս Ադրբեջանի հետ բանակցելու նյութ չունենք, որովհետև իր վերջին գործողություններով ու հատկապես ատոմակայանը թիրախավորելու սպառնալիքով Ադրբեջանն իրեն դուրս է դրել քաղաքական-դիվանագիտական տիրույթից։ Հետևաբար` մենք պետք է բանակցենք ոչ թե Ադրբեջանի, այլ աշխարհի, միջազգային հանրության հետ՝ որոշումների կայացման վրա ազդող բոլոր երկրներին ու կենտրոններին հասցնելու համար այն ուղերձը, որ Հայաստանն ամբողջությամբ կատարում է տարածաշրջանային անվտանգության երաշխավորի իր պարտականությունները, իսկ Ադրբեջանին այդ դաշտ բերելը արդեն պետք է դառնա միջազգային հանրության խնդիրը։ Այս գործընթացը ենթադրում է անդադար, ահռելի, հմուտ ու մտածված դիվանագիտական աշխատանք։ Մենք այլևս պետք է դուրս գանք կարծրացած կաղապարներից ու կլիշեներից՝ բոլոր նման իրավիճակներում աշխարհից ակնկալելով դատապարտումներ կամ Ադրբեջանին ուղղված կոչեր։ Մենք դրա կարիքն այլևս չունենք, որովհետև Ադրբեջանն արդեն իսկ դատապարտել է ինքն իրեն, դատապարտել և ստանձնել է ձախողված պետության կարգավիճակ, որն անելիք ու ասելիք չունի միջազգային քաղաքականության ասպարեզում։ Փոխարենը ասելիք ունենք մենք, և այդ ասելիքը պետք է աշխարհին հասցնենեք հնարավորինս գրագետ, հնարավորինս մտածված, հաշվարկված ու կշռադատված։

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս ուղերձը Հայաստանը մշտապես հղել և հղում է աշխարհին՝ միաժամանակ ցույց տալով, որ ցանկացած ռազմական ոտնձգության դեպքում պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանին, ինչը և անում է այս օրերին։ Մեր անելիքն է հայկական բանակի գործողությունների արդյունքի դիվանագիտական ամրագրումը, որի վերջնանպատակը պետք է լինի Հայաստանի ու Արցախի անվտանգության փոխկապակցումը համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգությանն այնպես, որ մեր դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն այդպիսին համարվի նաև համաշխարհային անվտանգության դեմ։ Հայաստանը ագրեսոր չէ, ինչպես որ փորձ է անում ներկայացնել Ադրբեջանը։ Հայաստանն ինքը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի զոհ է, որը, սակայն, կարողանում է համարժեք պատասխանել իր և միջազգային անվտանգությանն ուղղված ագրեսիային։

Մեր զինված ուժերը Հայաստանի ու Արցախի, բայց նաև տարածաշրջանային անվտանգության պաշտպանն ու երաշխավորն են, որի դեմ ոտնձգություն են իրականացնում Ադրբեջանն ու Թուրքիան։ Մենք կատարում ենք տարածաշրջանային անվտանգության երաշխավորի մեր դերն ու առաքելությունը, ինչը նշանակում է, որ նաև աշխարհը, միջազգային հանրությունը պետք է անեն առավելագույնը՝ այդ նույն անվտանգության պահպանման իրենց բաժին գործառույթն իրականացնելու համար։
Մեր զինված ուժերն այս օրերին իրենց խնդիրն ու առաքելությունն իրականացնում են գերազանց մակարդակով։ Մեր՝ բանակի թիկունքում գտնվողներիս խնդիրն է գործադրել դրան համարժեք դիվանագիտական, քաղաքական ջանքեր՝ զինված ուժերի ձեռքբերումները Հայաստանի ու Արցախի համար երկարաժամկետ արտաքին քաղաքական կապիտալի վերածելու համար։ Դրա հնարավորություններն այսօր առկա են առավել, քան երբևէ։

Փառք ու պատիվ Հայոց բանակին։

Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր, Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031