Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) հայտնել է, թե ինչու չի ստորագրել մեջլիսի հայտարարությունը, որով երկրի խորհրդարանը մեղադրել էր Հայաստանին` պնդելով, որ վերջինս հարձակվել է Ադրբեջանի վրա »։
HDP-ի խմբակցության փոխնախագահ Սարուհան Օլուչը, ընդգծելով, որ երկու երկրների միջև խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է խաղաղ լուծումներ մտածել, նշել է․
«Ադրբեջանցիները և հայերը այս տարածաշրջանի հին ժողովուրդներն են։ Ադրբեջանցիներին և հայերին խաղաղությունը ջրի պես է անհրաժեշտ։ Որպեսզի սառը պատերազմի ավարտից հետո մինչև հիմա Կովկասում շարունակվող բախումները և պատերազմները ավարտվեն և խաղաղություն հաստատվի, բոլոր հարևան և շրջակա երկրները, այդ թվում նաև Թուրքիան, պետք է խրախուսեն երկխոսությունը և բանակցությունները»։
Օլուչն ընդգծել է, որ խնդրի քաղաքական լուծման համար ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է նախաձեռնություն ցուցաբերի։
«Միջնորդությունը պետք է լինի մեր հիմնական քաղաքականությունը։ Խաղաղությունը և դիվանագիտությունը պետք է լինեն խնդիրների լուծման հիմնական ճանապարհը։ Ցավոք, տարիներ է, ինչ բանակցությունը և քաղաքական լուծման մեթոդները հետին պլան են մղվել։ Ի հակադրություն սրան՝ անհրաժեշտ է առաջնահերթություն տալ խաղաղ արտաքին քաղաքականությանը, նպաստել այնպիսի քայլերի, որոնք երկու կողմին էլ՝ Ադրբեջանին և Հայաստանին, կնստեցնեն սեղանի շուրջ և կնվազեցնեն լարվածությունը»,-ասել է Օլուչը։
Աղբյուր` Ermenihaber.am/cumhuriyet.com.tr