«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է հակառակորդի կրակոցների հետևանքով տուժած Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Պառավաքար, Չորաթան, Այգեձոր և Բերդ համայնքներում ապրող 500 կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետևանքով այս օրերին ապաստարաններում պատսպարվածներին։ «Նրանց բոլորին տրամադրում ենք առաջին անհրաժեշտության սննդամթերք, հագուստ և կոշիկ։ Կարիքավորների ցանկը տրամադրել է Տավուշի մարզպետարանը։
Տավուշը մշտապես «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում է։ Նախորդ ամիսներին հիմնադրամն արդեն աջակցություն էր ցուցաբերել մարզի սահմանամերձ համայնքներում ապրող ավելի քան 700 ընտանիքի»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը: Սոցիալական աջակցության ծրագրի այս փուլը հիմնադրամն իրականացնում է սիրիահայ գործարար Գաբրիել Չենբերջյանի մասնակցությամբ։ Վերջին ամիսներին «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցություն է տրամադրել մոտ 2․000 ընտանիքի։ Սոցիալական աջակցության տրամադրումն առաջիկայում ևս շարունակվելու է։