Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնորդում եմ հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը և արդարացնել նրան». Երեմ Սարգսյան

Հուլիս 17,2020 18:50

«Միջնորդում եմ առաջադրված մեղադրանքում հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը և արդարացնել նրան»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին հայտարարեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ դատախազ Աբգար Առաքելյանը նախորդ դատական նիստում դիրքորոշում հայտնեց, որ դատաքննությամբ հաստատվում է, որ Հայկ Սարգսյանը կատարել է իրեն վերագրվող արարքները, դատարանին միջնորդեց նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել 7 տարի ազատազրկման:

Երեմ Սարգսյանը վստահեցրեց՝ խախտվել են Հայկ Սարգսյանի մի շարք իրավունքներ, այդ թվում արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի: Նա նշեց. «Առանց կոնկրետ քրեական գործի նյութերն ամբողջապես ուսումնասիրելու դատախազը չէր կարող պարզել արդյոք նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ՝ դիմումում նշված տվյալներն այդ քրեական գործով չեն եղել, կամ այդ գործի քննության ընթացքում հայտնի չեն եղել»:

Պաշտպանը նշեց, որ հետագայում քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզվել է, որ դրանում առկա է 13.07.2018-ի գրություն ոստիկանության տեղեկատվական կենտրոնից, որ այս քրեական գործը դեռ 2017-ի նոյեմբերի 1-ին ոչնչացվել է, քանի որ դրա գործառնական նշանակությունը կորցված է եղել: Երեմ Սարգսյանը այս առիթով ասաց. «Վերը նշվածից հարց է ծագում, եթե վարույթը կարճվել է, 2017-ին ոչնչացվել է գործը, ինչպե՞ս է դատախազությունը պարզել, որ Դավիթ Սիմոնյանից ստացված դիմումում նշված հանգամանքները նոր են ի հայտ եկել, որ նախաքննությանը հայտնի չեն եղել, որ դրանք քրեական գործում չկան»:

Հայկ Սարգսյանի պաշտպանի պնդմամբ՝ վերը նշված և այլ հանգամանքների վերաբերյալ նույնիսկ Հայկ Սարգսյանը, եղբայրը և մի քանի այլ անձինք հարցաքննվել են, քանի որ Հայկ Սարգսյանի կողմից Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ կրակելու հանգամանքը քննությամբ չի հաստատվել. «Ուստի գրություն կամ որոշում է տրվել, որ չի հաստատվել Հայկ Սարգսյանի կողմից կրակոց արձակելու հանգամանքը:  Մենք սպասում էինք նախաքննության ավարտին, հույս ունեինք, որ կհայտնաբերվի այդ փաստը, բայց առկա չեն, քանի որ քրեական գործն ընդհանրապես առկա չէ»:

Հետևաբար ըստ պաշտպանի, եթե գործը առկա չէ, նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու մասին որոշումը ապօրինի է. «Նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու մասին նման ակնհայտ անօրինական և անհիմն որոշման կայացումից,  մեղադրական եզրակացությունից առաջ, մեղադրողի՝ դատարանում ճառ ասելուց առաջ մեղադրողը պարտավոր էր մանրամասն ստուգել պաշտպանական կողմի այն պնդումները, որ Սիմոնյանի կողմից ներկայացված հանգամանքները վարույթն իրականացնող մարմնին դեռ հայտնի չեն եղել 2017-ին, որ այս քրեական գործում կա Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում»:

Երեմ Սարգսյանը հայտարարեց՝ գործը ենթակա է կարճման և քրեական հետապնդման դադարեցման: Ըստ նրա՝ տպավորություն է, որ քրեական հետապնդման մարմինները ոչ թե ղեկավարվել են օրենքով,  այլև իրենց գուշակություններով. առանց քրեական գործի նյութերն ուսումնասիրելու ինչպե՞ս է նոր երևան եկած հանգամանքների հետևանքով մեղադրող դատախազը պարզել, որ քրեական գործով Հայկ ու Նարեկ Սարգսյանները չեն հարցաքննվել, որ Սարգսյանի վերաբերյալ որոշում  չի կայացվել, չէր էլ կարող, քանի որ քրեական գործում առկա չեն եղել իրենց կողմից նշված դեպքի իրական հանգամանքները»:

Երեմ Սարգսյանը  այս ամենից հետո միջնորդություն ներկայացրեց. «Դատարանը առանց Հայկ Սարգսյանի մեղավորության կամ անմեղության հարցին անդրադառնալու պարտավոր է նրա վերաբերյալ արդարացման դատական ակտ կայացնել, ուստի միջնորդում եմ նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքներում հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը և արդարացնել նրան: Հայկ Սարգսյանին մեղադրանք  առաջադրելու պահին ենթադրյալ հանցագործության պահից անցած է եղել 11 տարի, ոչ թե 5, ինչը նշանակում է, որ այդ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է:  Այսինքն՝ քրեական գործ չի կարող հարուցվել, իսկ վարույթը ենթակա է կարճման, եթե անցել է վաղեմության ժամկետը»:

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա 2007 թվականի ապրիլի 1-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր բնակության վայրի նկուղային հարկում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն իր ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում։

Հայկ Սարգսյանին վերագրվում է երկու արարք՝ սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք պահելը: Առաջին հոդվածի վաղեմության ժամկետը դեռևս չի անցել, իսկ զենք-զինամթերքի հոդվածի դեպքում անցել է, այսինքն՝ մեղադրյալի համաձայնության դեպքում նրա նկատմամբ զենք-զինամթերքի հոդվածով քրեական հետապնդումը մեղադրական հիմքով կարող է դադարեցվել, ինչին, սակայն, Հայկ Սարգսյանը դեմ է:

Երեմ Սարգսյանի պաշտպանական ճառից հետո դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ ժամը 17.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031