Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքապետի աշխատավարձը, ներկայացուցչական ծախսերը՝ սառցաբեկորների մեջ հայտնված գյումրեցիներին

Հուլիս 17,2020 17:44

Գյումրու ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած կարկտահարության ու հորդառատ անձրևի պատճառով տուժած բնակիչներին օգնելու համար։ Նախ` մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանին զոհված զինծառայողների հիշատակը։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց․ «Գիտեք, մի երևույթ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում, որն արտառոց էր բոլորի համար, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն մեր պետության համար, այլ՝ ամբողջ աշխարհի։  Զարմանալի էր, որ կարող է հուլիս ամսին նման սառցաբեկորներ հայտնվեին Գյումրի քաղաքում, կենտրոնական հատվածներում, որի պատճառով խցանվեց ամբողջ քաղաքը։
Շատ բարդ և դժվար էր այդ իրավիճակի մեջ կողմնորոշվել, որովհետև հիդրոմետ ծառայության տվյալներով՝  նման երևույթ չի եղել, որ մեկ ժամվա ընթացքում այնքան տեղումներ լինեն, որքան պետք է լիներ ամբողջ հուլիս ամսվա ընթացքում։ Փաստորեն, 46 միլիմետրի փոխարեն տեղացին 81 միլիմետր տեղումներ, ինչը, բնականաբար, մեծ հոսքեր ստեղծեց։ Եվ կարկուտը, որը տեղաց այդ անձրևի ընթացքում, տարբեր տեղեր՝ տարբեր չափաքանակներով, նման իրավիճակ ստեղծեց ամբողջ քաղաքում»,- ասաց քաղաքապետը։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներից, կազմակերպություններից՝ ԱԻՆ-ից,  քաղաքապետարանի կոմունալ բաժնից, Էլցանցից, որոնք զգոնություն ցուցաբերելով՝ 3 ժամվա ընթացքում կարողացան փոքր-ինչ հաղթահարել վիճակը։

Սամվել Բալասանյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը մեծ վնասներ հասցրեց բնակիչներին, և հիմա փորձում են իրենց ուժերի չափով օգնել նրանց՝ հնարավորությունները չխնայելով քաղաքացիների համար։

«Պատահական չէ, որ այսօր «Առդա» բարեգործական հիմնադրամի հետ նոր չափորոշիչներով պիտի բնակարաններ տայինք, ունեինք վեց բնակարան, դրանք պետք է տանք այն ընտանիքներին, որոնք ուղղակի մնացել են փողոցում։ Հանձնաժողովը եկավ, բաշխում կատարվեց, բայց պետք է ավագանու համաձայնությունը»,-ասաց քաղաքապետը։

Նա նաև նշեց, որ ըստ սեյսմիկ ծառայության տվյալների, 170 տարի նման դեպք չէր եղել։

«Մարդը տունը նստած՝ գալիս նկուղն էր լցվում, էդպիսի հոսք մենք չենք տեսել, առաջին անգամ տեսանք։ Կարկուտը լցվեց մարդկանց տները՝ մահճակալները, անկողներինը վեր էր հանել»,-ասաց նա։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն էլ ասաց, որ տուժած քաղաքացիներին առաջարկում են տրամադրել 10 միլիոն դրամ։

«Ընկերներ, քանի որ մենք որոշել ենք համայնքի տուժած բնակիչներին որոշակի օգնություն ցուցաբերել և մեր բյուջեի «Օգնություններ» հոդվածում այդքան գումար չունեինք, որ նախատեսեինք օգնություն ցույց տալու համար, այդ իսկ պատճառով մենք նախագիծ ենք կազմել և չծախսված գումարներից տեղաշարժ ենք տալու «Օգնություն» հոդվածին։ Այս դեպքում կարողանանք ավագանու կողմից նախկինում հաստատված կարգի համաձայն, որը սահմանում է՝ նմանատիպ արտակարգ իրավիճակներում՝ հրդեհի և այլ դեպքերում, մինչև 200 հազար դրամ մեկ բնակչին գումար տրամադրել, օգնությունը ցուցաբերել հանձնաժողովի կողմից ներկայացված ցուցակներով։  Դրա համար մենք առայժմ նախատեսում ենք 10 միլիոն դրամ։

Ինչպես գիտեք, բյուջեն, որ հաստատվեց, մենք բյուջեով ներկայացուցչական ծախսերի գումար ենք նախատեսել, դա քաղաքապետի ֆոնդն է, որը պիտի հիմնականում ծախսվի նվիրատվությունների, հյուրասիրությունների համար, բայց, քանի որ քաղաքապետն այդ ծախսերը հիմնականում անձնական ֆոնդից է անում և այդ գումարից մենք ունենք տնտեսում՝ չծախսված գումար, քաղաքապետը գտավ, որ այդ գումարից 2 միլիոն դրամն առանձնացնենք օգնությունների համար։

Ասեմ, որ քաղաքապետի տնտեսած աշխատավարձն էլ ենք օգտագործում և գալիք աշխատավարձն էլ՝ այս նպատակով։ Մարտ ամսից  սկսած մեր քաղաքում մշակութային միջոցառումներ չեն կատարվել, ինչպես նաև սպորտային գործուղումներ չենք ունեցել, միջոցառումներ չեն կատարվել՝ պարետի որոշմամբ։ Մենք մշակութային միջոցառումներից պակասեցնում ենք 5 միլիոն դրամ, սպորտի գործուղումներից պակասեցնում ենք 3 միլիոն դրամ և 10 միլիոն դրամ հատկացնում ենք «Օգնություններ» հոդվածին»։

Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ երկու հանձնաժողով է կազմվել, որոնք քաղաքացիների ներկայացրած դիմումների հետքերով՝ ըստ հասցեների, այցելել են բոլոր տնակներն ու տները՝ նկարահանող խմբով ու փաստական տվյալներ ձեռք բերել։

Քաղաքապետարանը ստացել է 120 դիմումներ և՛ տուժած առանձնատների, և՛ տնակների տերերից։ Դիմումների հիմնական մասը, ըստ Սամվել Բալասանյանի, եղել է «Ավտոկայարան» թաղամասի տնակների բնակիչներից։ Այդ թաղամասից 84-ին են նպատակահարմար գտել օգնություն տրամադրել, 6 ընտանիքի էլ կհատկացնեն բնակարաններ՝ բոլոր հարմարություններով։

Բազմաբնակարան շենքերին էլ 50 միլիոն դրամ սուբվենցիա են հատկացրել, օգնության հայցող երեք դիմումներ էլ կան հասարակական կառույցներից, Գրողների միությունից։

Երեկ երեկոյան էլ, ըստ քաղաքապետի, ստացել են 65 նոր դիմումներ, որոնք պիտի ուսումնասիրեն, դրանց մեջ մտնում են տուժած 34 առանձնատներ, 12 բազմաբնակարան շենքեր, 11 տնակներ, 5 մեքենա։

«Ասեմ, օբյեկտիվ կլինի գումար հատկացնել երեք մեքենայի համար, որոնք մխրճված էին սառույցների մեջ՝ կամուրջի տակ»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետը նաև ասաց՝ կան մարդիկ, որոնք դիմում են, թե սառնարանը փչացել է, բայց հանձնաժողովականները հենց միացնել են տալիս՝ աշխատում է, հետևաբար և օգնություն ցուցաբերելիս՝ օբյեկտիվ գնահատական պիտի տան, որ մարդկանց չնեղացնեն։

Ըստ նրա, «Կարմիր խաչ»-ը ևս պատրաստակամություն է հայտնել օգնել փչացած գույքի՝ սառնարանների, մահճակալների հարցում։ Ընդհուպ, ըստ քաղաքապետի, հանրապետության նախագահի կողմից է զանգ հնչել, թե ինչով օգնենք։  Զանգահարել են նաև Եվրոպական բանկից՝ օգնելու առաջարկով։  Ըստ քաղաքապետի, եթե քաղաքն իր ուժերով գլուխ չհանի, այդ դեպքում կդիմեն կառավարության օգնությանը։

Սամվել Բալասանյանը նշեց, որ արտակարգ իրավիճակի պատճառով Գյումրին կորցրեց մեկ մանկապարտեզ՝ «Զանգակ»-ն է, որի պատերը փլվել են։ Սակայն, ըստ նրա, մինչ այս դեպքը իրենք դիմել էին տարածքային զարգացման հիմնադրամին, մոտ 3,5 ամիս հետո այն քարային մանկապարտեզ կդարձնեն։

Նա ասաց, որ անձրևաջուրը քայքայել է երեք փողոցների որոշ հատվածներ, որոնք մաքրել են, փողոցաշինության և արտաքին լուսավորության հետ կապված հարցերը կարգավորված են։

Բավական բուռն քննարկում ծավալվեց այս թեմայով, ավագանու շատ անդամներ ներկայացրեցին իրենց առաջարկները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝  Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031