Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քարից հաց քամող Ալավերդցի հսկան՝ 250-ամյա գործարանն այսօր հերթական ճգնաժամն է ապրում. «Վալլեքս»

Հուլիս 17,2020 16:40

Հայաստանի ամենահին արտադրական ձեռնարկութունը 250 տարեկան է

 «Վալլեքս» խմբի ընկերությունները շնորհավորում են Հայաստանի հանքագործներին և մետալուրգներին մասնագիտական տոնի առթիվ։ Մենք կարևորում ենք հանքագործների և մետալուրգների ավանդը Հայաստանի տնտեսական զարգացման և հզորացման գործում և վստահ ենք, որ ապագայում ևս հանքագործությունն ու մետալուրգիան իրենց արժանի տեղն են ունենալու Հայաստանի տնտեսական կյանքում։

Քանի որ Հայաստանում հանքագործության և մետալուրգիայի բնագավառի՝ մեր օրերը հասած ամենահին արտադրական ձեռնարկությունն Ալավերդու պղնձաձուլարանն է, որի հիմնումը խորհրդանշում է հանքագործության և մետալուրգիայի պատմական նոր շրջափուլի սկիզբը տարածաշրջանում, Հանքագործի և մետալուրգի օրվա և Ալավերդու պղնձաձուլարանի 250-ամյակի առթիվ ձեզ ենք ներկայացնում գործարանի կենսագրության հիմնական պատմական հանգուցակետերի մասին համառոտ ակնարկ։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը հիմնել են հրավիրված հույն մասնագետները հայ մասնագետների հետ միասին 1770 թվականին։ Ալավերդիում պղնձարտադրությունը բուռն վերելք ապրեց  ֆրանսիացիների կառավարման, ապա խորհրդային կարգերի հաստատման շրջանում:

1900թ. Ալավերդիում սկսեցին կիրառվել վատերժակետային վառարաններ:  Նոր տեխնոլոգիայով աշխատող վառարանը կառուցվեց շինարարական փուլում գտնվող Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու երկաթգծի հարևանությամբ, որտեղ էլ այժմ գտնվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Հարևանությամբ կառուցված էին բոլոր սպասարկող արտադրամասերը: Գործարանի՝ երկաթուղուն մոտ լինելու հանգամանքը հնարավորություն տվեց Մադան գյուղից մետալուրգիական բոլոր գործընթացները կենտրոնացնել Ալավերդու ներկայիս տարածքում: 1900 թ-ից պղնձարտադրության մեջ սկսեցին օգտագործել այն ժամանակների համար առավել առաջադեմ տեխնոլոգիայով գործող նոր ագրեգատ՝ կոնվերտեր:  1900-ական թթ. պղնձի ձուլման նորագույն եղանակների կիրառմամբ՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում ավելացան արտադրության ծավալները և 1913 թվականին այն միջազգային չափանիշներով լավագույն գործարաններից մեկն էր: 1900-1914 թթ. տնօրինությունը, հանքերի և գործարանների բոլոր ինժեներական աշխատակիցները, ինչպես նաև բոլոր արտադրամասերի ղեկավար կազմերը եվրոպացիներ էին: 1910-ական թթ. Ալավերդու հանքերն ու գործարանները համարվում էին Կովկասի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից, որտեղ, ընդհանուր առմամբ, աշխատում էր շուրջ 2 800 բանվոր: Ալավերդիում բացվել էր 8 մահճակալով փոքրիկ հիվանդանոց, որտեղ աշխատում էր Թիֆլիսից հրավիրված մեկ բժիշկ և երկու բուժակ: Գործում էր մեկ ճաշարան, տասից ավելի գինետներ: Ֆրանսիացի գործարանատերերը կառուցել էին բանվորական հանրակացարաններ, ինժեներական և ղեկավար կազմի համար Սանահինի պատմական կամրջի հարևանությամբ և ներկայիս Սպանդարյան փողոցում կառուցվեցին եվրոպական տիպի երկհարկ ու եռահարկ բազմաբնակարան շենքեր:

1914թ. սկսված Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով ընկան արտադրության ծավալները և 1917թ. մինչպատերազմյան  1913-ի համեմատությամբ՝ այն նվազեց 2.7 անգամ: 1917թ. հոկտեմբերի 1-ին հանքերում և գործարանում աշխատանքները դադարեցվեցին: Այդ ժամանակ բանվորների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 2 600 մարդ:

Պղնձարտադրության վրա բացասական ազդեցություն ունեցավ 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունը: 1921թ. հունվարին ֆրանսիացի հանքարդյունաբերողները հեռացան Ալավերդուց: Այսպիսով, ավարտվեց Լոռիում և Ալավերդիում պղնձարտադրության ֆրանսիական երեսնամյա շրջանը:

Նորաստեղծ խորհրդային հանրապետության հեղկոմի 1921թ. հունվարի 11-ի դեկրետը սահմանում էր, որ ընդերքն ու օգտակար հանածոները համարվում են ժողովրդական սեփականություն: Հունվարի 21-ի որոշմամբ՝ Ալավերդու ձեռնարկությունները հանձնվում են Հայաստանի Ժողտնտխորհին: 1925թ. ՀԿԲԿ 24-րդ և 25-րդ համագումարներում քննարկվեց Ալավերդիում և, ընդհանրապես, Հայաստանում պղնձի արդյունահանման վերականգնման և զարգացման խնդիրը։

ԽՍՀՄ Աշխատանքի և Պաշտպանության խորհրդի 1929թ. օգոստոսի  հատուկ որոշման և ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի 1931թ. դեկտեմբերի 10–ի հատուկ միջոցառումների պլանով  սկսվեց Ալավերդու պղնձագործարանի վերակառուցումը: ՀԽՍՀ ժողկոմխորհրդի և ՀԿ(բ)Կ կենտկոմի 1931թ. մայիսի 31-ի որոշմամբ ստեղծված միջոցառումների պլանով նախատեսվում էր մաքուր պղնձի արտադրությունը հասցնել  տարեկան 6000 տոննայի: Այս ծրագրով նախատեսվում էր ոչ միայն գործարանը վերակառուցել, այլև լայն թափ հաղորդել բնակարանաշինությանն ու Ալավերդու կառուցապատմանը, հիմնել նոր դպրոցներ, մշակութային հաստատություններ և այլն:   1931 թվականի հունիսի 12–ին, ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանն Ալավերդում անցկացրեց կառավարության արտագնա նիստ, որտեղ քննարկվեց գործարանի վերակառուցման ընթացքը:   Վերակառուցումն ավարտվեց 1932 թ-ին: 1941թ. հայրենական պատերազմն սկսվելուն պես բազմաթիվ մետալուրգներ մեկնեցին ռազմաճակատ, նրանց փոխարինեցին կանայք ու երեխաները: Չափազանց ծանր էր պատերազմի առաջին տարիներին  պղնձարտադրության վիճակը: Դոնբասը գերմանացիների գրավելուց հետո դադարել էր մետալուրգիական շերեփներ, պողպատե ձուլվածքներ, հրակայուն աղյուսի, պտտափոկերի և քարածխի մատակարարումները: Ալավերդցի մետալուրգներն ու ռացիոնալիզատորները կարողացան տեղում արտադրել այս կարևոր նյութերը և դեռ կազմակերպել դրանց մատակարարումը Սիբիրի գործարաններին: Պատերազմի ծանր տարիներին Մոսկվայից ժամանած մասնագետների ղեկավարությամբ կառուցվեց նոր քիմիական գործարան, որը շարք մտավ 1944 թվականին: 1949թ. վերակառուցվեց պատերազմի տարիներին շահագործված չնորոգված և քայքայված պղնձագործարանը, որն ավարտվեց 1952 թվականին: 1970-ական թվականներին Ախթալայի, Շամլուղի և Ալավերդու հանքերը, պղնձի և քիմիական գործարանները միավորվեցին և ստեղծվեց լեռնամետալուրգիական կոմբինատ, որտեղ աշխատում էր ավելի քան 4500 մարդ: 1980-ական թվականներին կրկին խնդիր դրվեց վերակառուցել կոմբինատը: Տեղադրվեցին էլեկտրակոնտակտային մետալուրգիական վառարաններ: Վերակառուցվեց նաև ծծմբաթթվի արտադրամասը, տեղադրվեցին ավելի ժամանակակից աշտարակներ: Հետպատերազմյան տարիներին, մինչև 1989 թվականը Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը տարածաշրջանի տնտեսական գեներատորն էր: Կոմբինատի ֆինանսական միջոցներով շեֆական կարգով շրջանի գյուղերում տասնյակ գյուղատնտեսական օբյեկտներ կառուցվեցին, ճանապարհներ, Ալավերդում բնակելի շենքեր:

1988 թվականի բնապահպանական շարժման հետևանքով Ալավերդու պղնձագործարանը փակվեց և քայքայվեց: Դա  անդառնալի հետևանքներ ունեցավ ոչ միայն Ալավերդի քաղաքի, այլև տարածաշրջանի համար՝ գործազրկություն, արտագաղթ, աղքատություն …

Ռուսաստանում այդ տարիներին բիզնես գործունեություն իրականացնող, ծնունդով ալավերդցի Վալերի Մեջլումյանը 1997 թվականին ձեռք բերեց Ալավերդու գործարանի բաժնետոմսերը, և նրա հիմնադրած «Վալլեքս» խումբը մտավ Հայաստան: Ստեղծվեց Հայաստանում պղնձի արտադրության վերակառուցման Հայկական Պղինձ Ծրագիրը՝ Արմենիան Քափըր Փրոգրամ (Էյ-Սի-Փի ՓԲԸ), որը հաստատվեց Հայաստանի կառավարության կողմից: Առաջին իրական արդյունքն արտադրության վերսկսումն ու կայունացումն էր, շուրջ 1100 աշխատատեղի ստեղծումը, աշխատավարձերի տարիներով կուտակված պարտքերի մարումը:  Կայուն վճարվող աշխատավարձերն էլ ունեցան իրենց մուլտիպլիկատիվ արդյունքները՝ սոցիալական վիճակի կայունացում, խանութների, սննդի օբյեկտների, հյուրանոցների, տաքսի և այլ ծառայությունների բացում, որոնք 90-ականների սկզբից ամբողջությամբ փակված էին:

Ծրագրի հեռահար նպատակը Ալավերդիում նոր, ժամանակակից գործարան կառուցելն էր, բնապահպանական անվտանգության բարձր մակարդակով։ Այդ նպատակով բանակցություններ էին ընթանում միջազգային մասշտաբներով խոշոր չինական մի ընկերության հետ։ Այս համագործակցության շրջանակներում մի շարք փոխայցելություններ, քննարկումներ և նախնական նախագծային աշխատանքներ են իրականացվել։

Ցավոք 2018 թվականի ամռանը ընկերությունը ստիպված էր դադարեցնել պղնձաձուլարանի աշխատանքը: Այդ  իրավիճակում Վալլեքսը վեց ամիս աշխատավարձ էր վճարում չաշխատող գործարանի շուրջ 600 աշխատողի, քանի որ անձնակազմի նկատմամբ ղեկավարության պատասխանատվության զգացումն ավելին էր, քան դա ենթադրում էին սոսկ գործատու-աշխատող հարաբերությունները: Անցած 20 տարիների ընթացքում պղնձարտադրության պահպանման նպատակով «Վալլեքս» խմբի ընկերությունները ներդրել են, ընդհանուր առմամբ 34 մլն ԱՄՆ դոլար, իսկ միայն  Մանես բարեգործական հիմնադրամի միջոցով իրականացվել է 3.5 մլրդ դրամի տարբեր սոցիալական բարեգործական ծրագրեր:  Արտադրական ավանդույթներն ինչ-որ կերպ պահպանելու և 600 բանվորների մի մասին աշխատանքով ապահովելու նպատակով 2019-ին Վալլեքսն Ալավերդիում սկսեց  արտադրության վերակազմավորման ծրագիր. աղացագնդերի փորձնական արտադրությունն ընդլայնելու  նպատակով նոր սարքավորումներ պատվիրվեցին: Սկսվեցին  ներկրված հումքով պղնձե իրերի արտադրության նախագծման աշխատանքները, որոնք նույնպես ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող գործոններով պայմանավորված՝ հնարավոր չեղավ իրականություն դարձնել։

Հանքագործությունն ու մետալուրգիան դարեր ի վեր հսկայական դեր են ունեցել Հայաստանի տնտեսական կյանքում, հանքագործներն ու մետալուրգներն այս երկրի վրա ապրել են, ապրեցրել երկիրը։ Այդ պատմական ընթացքում իր բաժին առաքելությունը պատվով կատարած քարից հաց քամող Ալավերդցի հսկան՝ 250-ամյա գործարանն այսօր հերթական ճգնաժամն է ապրում։ Սակայն ալավերդցին վստահ է, որ գործարանը կրկին կհայտնվի քաղաքի ու տարածաշրջանի տնտեսական ապագայով մտահոգ ու հոգատար ձեռքերում, քաղաքը նորից կդառնա առաջադեմ մետալուրգիական աշխարհի հետ համաքայլ շարժվող տեխնոլոգիական կենտրոն, հանքագործությունն ու մետալուրգիան նորից կապրեն այստեղ և կապրեցնեն այս տարածաշրջանը։

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031