Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրու 58 թաղամասում վիրուսակիրներն ազատ շրջում են խանութներով»․ ահազանգ ավագանու նիստի ժամանակ

Հուլիս 17,2020 16:07

Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել Գյումրիում կարկտահարության ու հորդառատ անձրևի պատճառով անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացիներին օգնելու ու հետևանքների վերացումը քննարկելու նպատակով։

Սակայն մինչ բուն խնդրին անցնելը, օրակարգում քննարկվեց կորոնավիրուսով հիվանդ ինքնամեկուսացած քաղաքացիներին պետական միջոցներով սնունդ տրամադրելու հարցը:

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը հանդես եկավ զեկույցով՝ նշելով, որ կառավարությունը 4 միլիոն դրամ է տրամադրել, որ վիրուսի պատճառով մեկուսացված բնակիչներին սնունդ ապահովեն։ Սնունդը բաժանում է քաղաքապետարանի առևտրի բաժինը։

«Գումարն արդեն եկել, նստել է մեր հաշվին, այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք չորս միլիոն դրամով ավելացնել մեր տարեկան բյուջեի եկամտային, ինչպես նաև ծախսային մասերը», -ասաց բանախոսը։

Ավագանու անդամներից մեկը՝ Արմենուհի Մխիթարյանը մի կարևոր նկատառում արեց, թեև դա չէր վերաբերում Գյումրու քաղաքապետարանի գործունեությանը։

Նա ասաց․ «Շատ լավ է, որ գումարը տրամադրվում է սնունդ բաժանելու համար։ Նշանակում է՝ մարդիկ, որոնք մեկուսացած են, տանից դուրս չպիտի գան, տան շեմին ստանալու են այդ սնունդը, բայց ահազանգեր կան, որ 58 թաղամասում շատ հիվանդ մարդիկ խանութներից օգտվում են։ Հարևանները շատ լավ տեղյակ են, և ոչ մի կանոնի չեն հետևում, չգիտեմ ինչպես է լուծվելու այդ հարցը և վիրուսը շատ, շատ մեծ տարածում է գտել արդեն»։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստն ասաց․ «Ասեմ ձեզ, ցուցակները մենք չենք կազմել։ 58, «Մուշ» թաղամասերի, քաղաքի կենտրոնի մեկուսացած քաղաքացիների ցուցակները համայնքապետարանը չի կազմել։ Ցուցակները տվել է բուժհաստատությունը, մենք էլ համաձայն այդ ցուցակների, համաձայն պարետի ցուցումների՝ սնունդը վերցնում ենք, տանում ենք, չենք շփվում։ Ուղղակի որպեսզի հետագայում ծախսերը ճիշտ ձևակերպենք, դռան տակից, լուսամուտից անձնագիրն ուզում են, նկարում ենք, հետ ենք վերադարձնում, որպեսզի չշփվենք։ Այդ ցուցակները մենք չենք կազմում, որ ասենք գնանք ձեր ասած 58 թաղամասը նայենք, տեսնենք՝ այդ բնակիչն ունի՞ վիրուս, թե՞ չէ և խանութից արդյոք օգտվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այդ հարցը միմիայն առողջապահական ոլորտին պիտի ուղղել»։

Ավագանու անդամը սակայն նկատեց, որ պետք է համագործակցել առողջապահական ոլորտի պատասխանատուների հետ և ավելի խիստ մոտենալ հարցին։

Ավագանու անդամի ու քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի հարցուպատասխանին միջամտեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հորդորելով վիրուսով վարակված մեկուսացած քաղաքացիներին չտարածել այն։

«Տիկին Մխիթարյան, եկեք բոլորս հորդորենք, խնդրենք մեր բնակիչներին նման քայլի չգնան, եթե անհրաժեշտ է՝ թող զանգեն մեզ, թեժ գծին, դուք ահազանգեք, եթե գիտեք։ Մենք նույնիսկ առանց այդ ցուցակի կանենք ամեն ինչ, որպեսզի իրենց սնունդ հասնի։ Ուղղակի խնդրում ենք, որ դուրս չգան, չտարածեն վիրուսը, այս իրավիճակն ավելի չբարդացնեն։ Խնդրենք, հորդորենք, մեր խնդիրը չէ, բայց հորդորենք, որ մեր բնակիչը լինի կարգապահ։

Մեր խնդիրն այն է, որ կարողանան ցուցակներով, որոնք մեզ տրամադրել են սոցծառայությունները, առողջապահական համակարգը, տեղ հասցնել սնունդը։ Նույնիսկ գնում են, տալիս են, հեռվից նկարում են անձնագրերը, որ շփում չլինի, էսպես է կարգը դրված։ Խնդրենք բնակիչներին, որ պահպանեն պարետի տված հրահանգները»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ visitgyumri.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031