Aravot.am-ն այսօր ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի հայտնաբերումից հետո արդյոք այն պարտադիր է լինելու:
Ի պատասխան, տիկին Սահակյանն ասաց՝ եթե մեզ բախտ վիճակվի, որ, վերջիվերջո, այդ պատվաստանյութը ձեռք բերենք եւ ներկրենք, ապա, այն պարտադիր չի լինի. «Կսահմանվեն ռիսկի խմբերը եւ պատվաստանյութը կառաջարկվի միայն ռիսկի խմբերին»:
Գայանե Սահակյանի խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պահանջարկն այսօր ողջ աշխարհում բարձր է եւ դժվար է ասել, որ մեր երկիրը կկարողանա մինչեւ տարեվերջ ձեռք բերել եւ ներկրել. «Թեպետ բավականին դժվար է այդ գործը, բայց մենք բանակցություններ ենք իրականացնում ե՛ւ արտադրողների ե՛ւ գլոբալ կազմակերպությունների հետ, բայց բոլոր դեպքերում հույսերը շատ քիչ են, որ պատվաստանյութը ժամանակին ձեռք կբերենք եւ կներկրենք»:
Մեր այն հարցին՝ Ռուսաստանում արդեն իսկ փորձարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, ի՞նչ տեղեկություններ կան այդ մասին, տիկին Սահակյանը պատասխանեց. «Այսօր 200-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնց մի մասը վաղ կլինիկական եւ նախակլինիկական փորձարկման շրջանում են, իսկ նրանցից երկուսն արդեն երրորդ փուլում են: Երրորդ փուլի ավարտից հետո կգնա լիցենզավորման, գրանցման գործընթացը, որից հետո զանգվածային կիրառման թույլտվություն կստանա: Բայց երրորդ փուլի մեջ չի Ռուսաստանի պատվաստանյութը: Երրորդ փուլ անցել են Չինաստանի արտադրության, Միացյալ թագավորության եւ Իտալիայի միջեւ համատեղ ստեղծված պատվաստանյութը»:
Կարդացեք նաև
Գայանե Սահակյանը մեր հարցերին պատասխանեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»