Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տավուշյան դեպքերով Թուրքիան գործողություն չի սկսի ՀՀ-ի դեմ». փորձագետը՝ Թուրքիայի հերթական սպառնալիքների մասին

Հուլիս 17,2020 15:09

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի պատվիրակությունը հուլիսի 16-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի եւ բարձրաստիճան այլ զինվորականների, այդ թվում՝ Թուրքիայի ԳՇ պետի հետ: Հուլուսի Աքարը սպառնացել է, որ Տավուշի սահմանագոտում «Հայաստանի գործողություններն անպատասխան չեն մնալու» եւ որ «Հայաստանը պատասխան է տալու սպանված ադրբեջանցի զինվորականների համար»: Թեմայի հնարավոր զարգացումների մասին Aravot.am-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

-Պարոն Իսպիրյան, նշյալ հանդիպումը վերլուծելով՝ ինչպիսի՞ հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանն իր եղբայր Թուրքիային ակնարկում է 2010թ․ օգոստոսի 16-ի ռազմական փոխօգնության մասին համաձայնագրի պարտավորությունները կատարելու մասին: Ինչպես հայտնի է, ըստ այդ համաձայնագրի՝ եթե կողմերից մեկը երրորդ երկրի կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա մյուս կողմը պարտավոր է օգնել:

-Նախ, տավուշյան էսկալացիայի հետ կապված Թուրքիայի վերջին օրերի հայտարարություններն ինձ համար նորություն չեն: Որպես թուրքագետ՝ ես որեւէ նոր բան չեմ արձանագրել այդ հայտարարություններում, որովհետեւ նման հայտարարություններ Թուրքիայից հնչել են, այդ թվում և հիմնականում Արցախի հարցի հետ կապված: Իսկ երեկվա նշյալ հայտարարությունը հերթականներից է:

Արձանագրենք, թե ինչ կարող են անել Թուրքիան եւ Ադրբեջանը: Ձեր նշած հայտարարությունն առաջնահերթ ուղղված է թուրք եւ ադրբեջանցի հասարակությանն առ այն, որ մեծ եղբայրը կանգնած է փոքր եղբոր մեջքին: Սա, բնականաբար, արվում է Թուրքիայի ներսում իշխանության հանդեպ վստահություն ավելացնելու համար առ այն, որ իրենք ուժեղ են…իսկ Թուրքիայի՝ Ադրբեջանի առնչությամբ նպատակը վերջինիս ավելի շատ իր ազդեցության ներքո առնելն է եւ այդ ազդեցությունը մեծացնելը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը զգալի չափով գտնվում է նաեւ Ռուսաստանի ազդեցության տակ, ինչը Թուրքիան ամեն կերպ փորձում է նվազեցնել: Բայց քանի որ կա Արցախի հարցը, եւ անգամ Թուրքիան է վերջին տարիներին խոստովանել, որ Արցախի հարցում վճռորոշ դերակատարումը Ռուսաստանինն է, ամեն ինչ այս համատեքստում իր տեղն է ընկնում, եւ հենց այս համատեքստում պետք է իրավիճակը դիտարկել:

-Որքանո՞վ կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի ՊՆ-ի հայտարարությունն ուղղակի սպառնալիք չէ ՀՀ-ի հանդեպ ռազմական գործողությունների:

-Թուրքիայի կողմից ՀՀ-ի հանդեպ ռազմական գործողությունների իրականացման սպառնալիք միշտ էլ կա: Ցանկացած առիթ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ այո՝ կսկսեն: Դա տեսական հավանականություն է եւ Տավուշի սահմանին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապ չունի: ՀՀ-ն Թուրքիայի համար լուրջ թիրախ է, ցավոք, եւ այդ մասին հայտնի է: Իսկ տավուշյան դեպքերով Թուրքիան գործողություն չի սկսի եւ իրեն որեւէ բան թույլ չի տա: Չմոռանանք Թուրքիային զսպող գլխավոր գործոնի՝ Ռուսաստանի մասին:

-Եթե Ադրբեջանը Թուրքիային դիմի Տավուշի հետ սահմանագոտու հատվածում զինծառայողներ տեղակայելու խնդրանքով՝ ապահովելու համար գազատարի եւ նավթամուղի անվտանգությունը, ինչպիսի՞ իրավաքաղաքական հիմքեր կան՝ այդ «խնդրանքը» չկատարելու համար:

-Տեսականորեն նման հնարավորություն կա, բայց հաշվի առնելով տարածաշրջանում Ռուսաստանի գործոնը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն (եթե հարցը հասնի դրան) հարցը տարածաշրջանում գործող գերտերությունների հետ համաձայնեցնել: Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Արեւմուտքի մասին է: Եթե ամփոփենք՝ տեսականորեն հնարավոր է, բայց միայն այս ուժերի հետ համաձայնեցնելուց հետո:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Անդրանիկ Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031