Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյան. Այս պահին այլ բան, քան ֆինանսական աջակցությունը կազմակերպությունների համար, կառավարությունն արագ անել չի կարող. «Հրապարակ»

Հուլիս 17,2020 12:50

Կորոնավիրուսային համավարակը Հայաստանի տնտեսությունն այս ամիսներին գրեթե պարալիզացրել է։ Սրա բացասական հետեւանքները մենք տարվա վերջին կզգանք, երբ պարզ դառնա, թե որքան տնտեսական անկում ենք գրանցել։ Հայրենի կառավարությանն այդպես էլ չհաջողվեց օպտիմալ լուծում գտնել, որ ե՛ւ հանրային առողջությունը պահպանվի, ե՛ւ տնտեսությունը չկործանվի։ Երբ պետք էր մաքսիալ խստացումներ սահմանել, որ համավարակը նահանջեր, կառավարությունը զբաղված էր քարոզարշավով ու անլուրջ էր վերաբերվում վարակին։ Երբ պետք էր տնտեսությունը փրկել, հիմա էլ զբաղված է արտակարգ դրությունն անիմաստ երկարացնելով ու դիմակների համար մարդկանց տուգանելով։ Արդյունքում տնտեսության մեջ լուրջ ճողվածք է առաջացել, էապես նվազել են արտահանման ու ներկրման ծավալները, ըստ այդմ՝ նաեւ բյուջե ուղարկվող ֆինանսական հոսքերը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այն կետում, որում հիմա հայտնվել ենք, ցավոք, վերջնակետը համարել չի կարելի։

«Ես այսօր առավոտյան նայում էի կոնյակ եւ գինի արտադրողների արտադրանքի իրացումը վերջին ամիսների ընթացքում, սա մեր ամենազգայուն խմբերից մեկն է արտահանման կառուցվածքում, եւ ներսում իրացումը զգալիորեն տուժել է, քանի որ զբոսաշրջությունը կանգնած է, Հայաստան դրսից մարդ չի գալիս։ Ցավոք, նույն բանը կա նաեւ մեր արտահանողների համար՝ դրսի շուկաներից շատերը նույնպես փակ են դրսից եկողների համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

– Իսկ ի՞նչ եք անում, որ մինիմալ վնասով դուրս գանք այս իրավիճակից։

– Երկու-երեք տարբեր բաներ ենք անում։ Երբ որ մարտ ամսին սկսեցինք քննարկել եւ ապրիլին էֆեկտիվորեն իրականացնել այդ գործիքակազմը, դա առաջին հերթին լիկվիդայնության ապահովման խնդիրն էր, որովհետեւ կազմակերպությունների բնականոն կապերն իրենց գործընկերների հետ խզվել էին։ Հետեւաբար, մենք մեր առջեւ խնդիր դրեցինք առաջին հերթին ապահովել լիկվիդայնություն ֆինանսական ձեռնարկությունների համար։ Այսինքն՝ ֆինանսական միջոցների հասանելիություն, որը ժամանակավորապես իրենց թույլ կտար դիմակայել։ Երկրորդ փուլում գործիքն էականորեն փոխեցինք, եւ իրենց ասում ենք՝ եթե դուք ունեք էնպիսի ծրագրեր, որ ինքներդ պատրաստ եք ձեր ծրագրի մեջ ներդնեք, օրինակ, 100 մլն դրամ, մենք եւս 4-5 անգամ այդքան ավելի շատ անտոկոս գումար կավելացնենք, որ դուք առաջիկա  3-4 տարիների ընթացքում կարողանաք ձեր զարգացման ծրագրերը կառուցել։ Այս պահին այլ բան, քան ֆինանսական աջակցությունը կազմակերպությունների համար, կառավարությունն արագ անել չի կարող։

– Իսկ բյուջեում ֆինանսական աջակցության համար փող ունե՞նք, եթե տնտեսությունը չի գործում, որ փող ապահովի։

– Ճիշտ եք ասում, արդար հարց եք տալիս։ Ի սկզբանե կառավարությունը որոշեց, որ 150 մլրդ դրամ հատկացնի, դա այն բյուջեն է, որը ես չեմ համարում վերջնական սահմանագիծ, այլ դա այն բյուջեն է, որ վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարությանն ու կառավարության մյուս թեւերին՝ պլանավորել եւ նախատեսել իրենց գործողությունները դրա սահմաններում։ 25 արագ արձագանքման միջոցներն էին սոցիալական ծրագրերի հատվածում եւ 25 արագ արձագանքման տնտեսական միջոցառումներն էին, որոնք իրականացրեցինք։ Եվ մենք էդտեղ արդեն 60 մլրդ դրամը գերազանցող չափով այդ եղանակով միջոցներ ենք հասցրել տնտեսություն։ Մենք մեր սահմանաչափից՝ 150 միլիարդից դեռեւս բավականաչափ ռեսուրս ունենք, որ էդ ճանապարհին օգնենք, եւ բնական է, երբ մենք այդ բոլոր միջոցներն օգտագործած կլինենք, բայց կգնահատենք, որ աջակցության նոր կարիք կա, որոշումներ կկայացնենք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031