Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է. Ադրբեջանցիները 90-ականներին էլ հրետանային կետերը դասավորում էին բնակավայրերում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 17,2020 12:38

Ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Դա պարզ երեւում է արբանյակային լուսանկարներում: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ, գրեց Razm.info կայքը երկու օր առաջ:

Մեր հայրենակիցներից ոմանք զարմացան, ոմանք՝ ոչ այնքան, իսկ Արցախյան պատերազմով անցած զինվորականները հիշեցին 30-ամյա վաղեմության դեպքեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առաջին իսկ օրերից Արցախյան պատերազմի մասնակից, Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մայոր Հրայր Բաղդասարյանը նշեց, որ այդպիսի դրվագները միշտ էլ հատուկ են եղել ադրբեջանցիներին:

«Հիմա նորից մարդկային վահանով քողարկվել են, էլի: Մարդավարի չէ, տղամարդավարի չէ: Էլի հատուկ իրենց կրակակետերը տարել են գյուղից հետ, որ մեր խփելու ժամանակ միջազգային ատյաններին ներկայացնեն, թե մենք խաղաղ բնակավայր ենք խփում: Նման բաներ շատ են արել նաեւ 90-ականներին. իրենք հիմնականում զորամասերը, հրետանային կետերը դասավորում էին բնակավայրերին մոտ կամ հենց բնակավայրերում: Հիշենք նաեւ Շուշիի Ամենափրկիչ եկեղեցին, որ զինապահեստ էին դարձրել, գրադի արկղերն ամբողջ շարել էին մեջը՝ այն մտքով, որ չէինք կրակելու: Ու չէինք կրակել: Ու այդ ամենը մնացել էր մեզ ռազմավար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ենք մենք սովորաբար լուծել եւ հիմա էլ լուծում նման խնդիրները, քանի որ թե՛ ռազմական և թե՛ խղճի հարց է, մայոր Բաղդասարյանը պատասխանեց. «Նման իրավիճակում մերոնք միշտ փորձել են այնպես անել, որ կորուստները մինիմալ լինեն՝ ե՛ւ խնդիրը լուծեն, ե՛ւ վնասները նվազագույն լինեն: Բայց, ամեն դեպքում, եթե անհրաժեշտ է լինում վնասազերծել, արդեն ոչ մի բանի առաջ չպիտի կանգ առնեն, ռազմական տեսանկյունից խնդիրը պիտի կատարվի: Բարձունքից աշխատող կրակակետ կա, դա պիտի լռեցվի: Մեզ համար վտանգ կա, պիտի չեզոքացվի: Ու պարզ է, որ նման իրավիճակում անհնար է, որ խաղաղ բնակչություն չտուժի, բայց դրա մասին իրենք պիտի մտածեն, պիտի էվակուացնեն, ապահով տեղ տանեն բնակիչներին: Այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է»:

Տարիների, տասնամյակների թե հարյուրամյակների հետ, ամեն դեպքում, բանակի խնդիրը չի փոխվում, փոխվում են միայն որոշ միջոցներ՝ նշեց հին ու նոր մարտերով անցած մայոր Բաղդասարյանը. «Ձեւաչափն էլ նույնն է, խնդիրն էլ. կրակակետ է կամ հենակետ է, որ պիտի վնասազերծվի, ուրեմն պիտի վերացվի: Մերոնք առաջնորդվում են նժդեհյան սկզբունքով. «Պատերազմում հաղթում է նա, ով մինչեւ մարտի դաշտ մտնելը հաղթում է ինքն իրեն»: Մարտի դաշտ մտնելիս հետեւանքների մասին չես մտածում, դրա մասին պատմաբանները հետո կմտածեն, դու պիտի մի քիչ խենթ լինես, դու խնդիր ես կատարում»:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031