Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 11:00-ի դրությամբ: Անցած գիշեր ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են 120 կրակոց-խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ:
Կրակել են ոչ միայն բուն մարտական գործողությունների տարածքում, որ ընթանում էին վերջին օրերին, այլև Տավուշի սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի մարզում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյանի հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների ուղղությամբ:
Ըստ էության, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել: Մեկ վիրավորի վիճակ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա:
Այս գիշեր մի շարք օգտատերեր կեղծ հաղորդագրություններ են ստացել սահմանում լարվածության մեծացման, զոհերի, արյան անհրաժեշտության մասին, որոնք եղել են լատինատառ և ոչ այնքան հասկանալի: Դրանք կեղծ լուրեր են: Օպերատորներն արդեն շտկել են իրավիճակը և հերքող հաղորդագրություններ են ուղարկում»։
Կարդացեք նաև