Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը, որը նաև ռազմաօդային ուժերի հրամանատարն է, հուլիսի 16-ին մեկնել է Թուրքիա: Թուրքիայի պաշտպանության նախարարությունում նա քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցերը: Ինչի՞ համար է ադրբեջանցի նախարարի տեղակալը մեկնել Թուրքիա:
Բանն այն է, որ անկասկած է՝ եթե լինի Թուրքիայի միջամտություն, ապա չափազանց դժվար է պատկերացնել, թե ինչ հիմնավորմամբ կամ բացատրությամբ չի միջամտելու Ռուսաստանը՝ ՀԱՊԿ կամ, այսպես ասած, երկկողմ ձևաչափով:
Արդյո՞ք ադրբեջանցի նախարարը գնացել է քննարկելու այսպես ասած՝ երկրորդ ճակատ բացելու հարցը: Մյուս կողմից, այստեղ, անշուշտ, կա ոչ միայն Ռուսաստանի գործոնը: Թուրքիայի միջամտությունը անընդունելի է լինելու նաև Իրանի համար, որը շատ զգայուն է այդ հարցում: Առավել ևս, որ ռեգիոնալ լարումը կարող է ԱՄՆ համար դառնալ Վրաստան ռազմական կոնտինգենտ տեղակայելու առիթ, և Թբիլիսին հազիվ թե հրաժարվի դրանից, եթե հենց ինքը չդիմի ԱՄՆ-ին: Ի վերջո, ռեգիոնալ մեծ լարվածության դեպքում Վրաստանը կարող է հայտնվել թե՛ թուրքական, թե՛ ռուսական թիրախի դերում: Դա իր հերթին նշանակում է, որ Միացյալ Նահանգները, թերևս, թույլ չի տա իրադարձությունների զարգացում այդ աստիճան, ինչը կստիպի հավելյալ խնդիր ունենալ նախագահական գործընթացի շեմին: Ըստ այդմ, Վաշինգտոնը նույնպես կգործադրի Թուրքիային զսպելու իր հնարավորությունը: Ի դեպ՝ այդ առումով նոր և հետաքրքրական լույսի ներքո է հնարավոր դիտարկել օրեր առաջ Սպիտակ տան խոսնակի հետաքրքիր «սայթաքումը» և Հայոց ցեղասպանություն արտահայտության կիրառումը:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: