Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները՝ ՀԱՊԿ-ի անգործունակության մասին. ձեւական կառույց, անատամ հայտարարություններ

Հուլիս 17,2020 13:30

Ի՞նչ ենք անում մենք ՀԱՊԿ-ում, կամ ՀԱՊԿ-ն ի՞նչ է անում մեզ համար

Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ էր նախաձեռնել, հետո՝ հետաձգել այն: Իսկ հավաքական ինքնապաշտպանության սկզբունքը ենթադրում էր, որ, ինչպես ամրագրված է ՀԱՊԿ-ի պայմանագրով, դաշինքի անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսեւորում (այդ թվում՝ ռազմական) դիտարկվում է որպես հարձակում ողջ դաշինքի վրա, հետեւաբար դաշնակիցները պարտավորվում են հնարավոր բոլոր, այդ թվում ռազմական միջոցների ներգրավմամբ համատեղ քայլեր ձեռնարկել՝ հակադարձելու ընդհանուր սպառնալիքին:

Այս առնչությամբ  «Առավոտի» հետ զրույցում հարցին՝ այս ամենից հետո կարո՞ղ է հարց բարձրացվել ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարեցնելու, թե՞ բանը դրան չի հասնի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ մենք որեւէ բան կշահենք: Առնվազն քննարկում ՀԱՊԿ-ի շրջանակներում, թե ինչու չեղավ արձագանք, կամ մամուլում եղավ հրապարակում, որ երկու կողմերին էլ խաղաղության, զսպվածության կոչեր են անում, որը բացարձակ անհասցե հայտարարություն է եւ անատամ, ռազմական կառույցից դա ուղղակի անընդունելի էր եւ անթույլատրելի: Եթե, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ որեւէ  երկրի վրա հարձակում լիներ, ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ից նմանատիպ արձագանք կլիներ: Ի վերջո, այդ կառույցը մինչ այսօր որեւէ ռեալ գործողություններ չի իրականացրել, այսինքն, մենք կարծես թե ունենք ձեւական կառույց: Հիմա առաջին անգամ այն պահն է, երբ կառույցը կարող էր կանգնել ՀԱՊԿ անդամ պետության կողքին, ում վրա հարձակում էր տեղի ունեցել, ցավոք, մենք այդ չտեսանք: Ես կարծում եմ, այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա»:

ՀԱՊԿ անդամ լինելով՝ մենք, փաստորեն, որեւէ լծակ չունենք պարտավորեցնելու կատարել պայմանագրով ամրագրված կետերը: Գորգիսյանի խոսքով՝ «Մենք իրավունք ունենք դիմել եւ նրանք պարտավոր են միջամտել: Փառք Աստծո, մեր երկիրն ի վիճակի է ինքնուրույն լուծել այն խնդիրը, որն առաջացել է, բայց որեւէ արձագանք, որեւէ հայտարարություն պարտադիր է եւ թիրախային պետք է լինի»:

Այն, որ ՀԱՊԿ-ը հավասարության նշան դրեց իր ռազմավարական գործընկերոջ, ՀԱՊԿ անդամ երկրի եւ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի միջեւ, ըստ Գորգիսյանի, անհասկանալի ու անընդունելի է. «Եթե մենք ռազմական դաշինքի անդամ ենք ու հարձակում է տեղի ունենում, պիտի դաշինքը համապատասխան արձագանք տա: Թե ինչու չի տվել, ոչ պատշաճ տվել, այս ամենը պետք է քննարկվի ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ առաջիկա նիստի ժամանակ»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ «Սպասենք ՀԱՊԿ-ի արձագանքներին: Դա մեկքայլանի խնդիր չի: ՀԱՊԿ-ում էլ հարաբերությունները յուրօրինակ բան ունեն, առաջին դեպքն է երեւի, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրի դեմ այդպիսի բան է առաջանում, պետք է արձագանքեն: Ես ժամանակին ասել եմ, որ նույնիսկ զենք են վաճառում Ադրբեջանին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Իհարկե, մենք պետք է մեր ազգային, պետական շահերը պաշտպանենք եւ մի քանի քայլանի է, եկեք սպասենք, տեսնենք հաջորդ քայլերն ինչ կլինեն: Միանգամից ճիշտ է, շատ լավ է, որ մենք ասենք՝ պետք է արձագանքեն մեր ուզածով, բայց միգուցե մի քանի օր հետո կամ մի որոշ ժամանակ հետո որոշակի արձագանքների դինամիկա մենք ունենանք»:

Ըստ Մելքումյանի, այս հարցը դեռ պետք է տեղ հասնի, փաստաթղթավորվի, քննարկման առարկա դառնա, նոր ՀԱՊԿ-ից մի բան լսենք:

Այդ դեպքում, թե ինչո՞ւ նիստ հրավիրեցին ու հետաձգեցին՝ Մելքումյանն արձագանքեց. «Այո, ես այդ հարցն ուզում եմ իրենց տամ: Ես համամիտ եմ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ասաց. «Ես ակնկալում եմ, որ ՀԱՊԿ-ն շատ կոշտ պատասխան պետք է տա: Ամեն դեպքում սա ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ: Մենք ակնկալում ենք ՀԱՊԿ-ից կոշտ պատասխան, բայց մեր ԶՈՒ-ն ունակ է պաշտպանելու ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»: Ըստ Տիգրան Կարապետյանի, Ադրբեջանը արտաքին ազդակներ է ստանում ու միանշանակ, Թուրքիայի գործոնն այստեղ կա. «Միջազգային հանրությունը մտածելու, խորհելու բավականին առիթներ ունի, որովհետեւ Թուրքիան միջազգային բոլոր իրավունքների ու պարտավորությունների սահմաններն անցել է ու ժամանակն է Թուրքիային կարգի հրավիրել»:

Հարցրեցինք՝ դուք տեսնո՞ւմ եք նման խնդիր, որ Ադրբեջանի այս գործողությունները կարող են ՌԴ-ի կողմից հրահրված լինել՝ Կարապետյանը պատասխանեց. «Գիտեք, մենք ինքնիշխան պետություն ենք, որը ռազմաքաղաքական դաշինքի մեջ է ՌԴ-ի հետ: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, որը տարբեր ֆորմատներում համագործակցում է, ՀՀ ԱԳ նախարարը խոսակցություն ունեցավ ՌԴ ԱԳ նախարարի հետ, միանշանակ գործընկերային հարաբերություններ են: Բայց ՀՀ սահմանների անձեռնմխելիության հետ կապված որոշումները կայացվում եւ կայացվելու են Երեւանում»:

Իմքայլական Տիգրան Ուլիխանյանն ասել էր, որ ռազմական գործողությունների դադարեցման օրվա եւ դադարեցման տեղանքի վերաբերյալ որոշումներն այսուհետեւ կայացվելու են ՀՀ մայրաքաղաք Երեւանում: Ուլիխանյանին հարցրեցինք՝ 2016-ի ապրիլյան դեպքերի ժամանակ գիտենք, որ այդ որոշումը կայացվեց Մոսկվայում, ուստի սա կարո՞ղ ենք ընկալել՝ որպես սլաքների ուղղորդում դեպի ՌԴ՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Սրանով սլաքների՝ որեւէ ուղղությամբ ուղղում չպետք է տեսնել: Եթե ես անհրաժեշտություն համարեի որեւէ երկրի անունը տալու, ես այդ երկրի անունը կտայի: Այն, որ ես երկրի անունը չեմ տվել, շատ կարեւոր է, դրանով ես ոչ թե խուսափում եմ կոնկրետ անուն տալուց, այլ ես ընդհանրապես արձանագրում եմ, որ դա չի կարող լինել աշխարհում այլ վայր, քան Հայաստանի մայրաքաղաք Երեւանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031