Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի առանձին գերատեսչություն ունենալն անհրաժեշտություն է

Հուլիս 17,2020 12:30

Հարցազրույց ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, դուք այն եզակի, եթե չասենք միակ, մշակութային գործիչն ենք, որի հետ կարելի է զրուցել ոչ միայն մշակույթի մասին։ Այս զրույցը, ձեր համաձայնությամբ, եկեք նվիրենք միայն թատերարվեստին։ Առանց մանրամասնելու՝ մեր ընթերցողին հիշեցնենք, որ հայը այն ազգն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942թ. հունիսի 22-ին բացեց իր պետական կոմեդիայի թատրոնի վարագույրը՝ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» կատակերգությամբ։ Հետո, ինչպես ասում են, շատ ջրեր հոսեցին՝ երկրաշարժ, խորհրդային երկրի փլուզում, արցախյան պատերազմ, ճգնաժամեր, այդ թվում՝ ֆինանսական, եւ այլն, եւ այլն, բոլորը չես թվարկի։ Բայց երբեւէ մշակույթը, ողիղ ասած՝ չկանգնեց այնպես, ինչպես համավարակի պատճառով։ Ձեր կոլեգաներից մեկ-երկուսը մեզ հետ զրույցում նույնիսկ պարծենում են, թե առցանց յուրաքանչյուր միջոցառումից հետո ունենում են միլիոնավոր դիտումներ։ Մինչդեռ բոլորս գիտենք, թե այդ դիտումների թիվը  ինչպես է գոյանում։ Միամիտ է կարծել, թե մեր թատրոնների այցելուները ամբողջությամբ դիտում են նյութը, օրինակ, կոնկրետ ես այցելում եմ նաեւ ձեր ղեկավարած տիկնիկային պետական թատրոնի կայքէջ, հիանում ներկայացրած ստվերների, խամաճիկների, դիմակների, մատների եւ տիկնիկարվեստում ներառված շուրջ  10 ուղղություններով արված նյութերը, բայց ես ընդամենը ծանոթանում եմ եւ ոչ մինչեւ վերջ դիտում։ Վերջերս մեզ հետ զրույցներում թատրոնի մարդիկ ասում են, որ պանդեմիայի օրերին վերջապես թունելի վերջում լույս են տեսնում՝ նկատի ունենալով ձեր մեկ-երկու հայտարարությունները թատրոնները վերաբացելու անհրաժեշտության մասին։ Առաջինը, ձեր խոսքերով՝ հանրությունն առանց մշակույթի պարզունակ է դառնում, ավելի շատ զբաղվում է քաղաքականությամբ, որին հաջորդեց երկրորդը՝ եթե կա ցանկություն եւ գիտակցություն, թե ինչու է պետք բացել մշակութային կենտրոնները, ապա միշտ կարելի է ձեւը գտնել։ Բնականաբար, դուք գտել եք ձեւը…

– Այո։ Համագործակցում ենք նախարարության հետ, կոնկրետ՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ։ Կոլեգաներիս հետ զրույցներից ելնելով՝  կետ առ կետ ներկայացրել ենք թատրոնները վերաբացելու անհրաժեշտության պատճառների դեռեւս մի մասը, ինչպես նաեւ ձեւը։ Մի կարեւոր հանգամանք. անխտիր բոլոր պետական թատրոնների տնօրենները պատրաստակամ են բեմ տրամադրել ոչ պետականներին։ Կառավարությունը միանշանակ պետք է օգնի տեղադրել ախտահանման կամարներ, սարքեր, ներկայացումներից առաջ եւ հետո ախտահանել դահլիճը… Գիտե՞ք, որոշել ենք օգտագործել ոչ միայն փակ տարածքները (նկատի ունի թատրոնները), օրինակ, ռուսական, Սունդուկյանի անվան թատրոնները եւ մենք ունենք բացօթյա տարածք (տիկնիկայինի մասով նկատի ունի տանիքը, մենք էլ ավելացնենք՝ օպերային թատրոնի տանիքը)…

Վերջերս մասնակցում էի տիկնիկային թատրոնների կազմակերպած առցանց միջազգային կոնֆերանսին։ Մի բան հստակ է. յուրաքանչյուր երկիր, կոնկրետ համաճարակով պայմանավորված, ունի եւ կոնֆերանսի շրջանակներում ներկայացրեց իր մոտեցումները թատրոնների վերաբացման առնչությամբ։ Բուլղարիայում արդեն վերաբացվել են թատրոնները…

– Եվրոպական այլ երկրներում նույնպես, օրինակ՝ Գերմանիայում, Իտալիայում, եւ ոչ միայն թատրոնները, այլեւ թանգարանները։ Ռուսաստանն էլ հայտարարեց, որ օգոստոսի մեկից վերաբացվելու են թատրոններն ու կինոթատրոնները եւ այլն։ Պարոն Բաբայան, թեեւ դուք նշեցիք, որ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ կետ առ կետ աշխատում եք մեր թատրոնները վերաբացելու հարցի շուրջ, բայց տասնամյակների փորձից ելնելով՝ թույլ տվեք նկատել, որ երբ խնդիր է առաջանում, մենք մշտապես «նայում ենք դուրս»…

– Համամիտ չեմ։ Բայց հարցեր կան, երբ իսկապես պետք է եւ անհրաժեշտ՝ դասեր վերցնել աշխարհից, ինչը չենք անում։ Տեսեք՝ շուրջ 30 տարի թատերական ոլորտում ոչ մի բարեփոխում չի արվել։ Այո, ֆինանսական կրճատումներ եղել են, բայց դա բարեփոխում չէ, դա պարզապես ֆինանսական կրճատում է։ Այսօր հասունացել է շատ կարեւոր մի հարց, ինչն, ի դեպ, ժամանակը ցույց տվեց՝ որ պարզապես անհրաժետ է ունենալ առանձին գործող մշակույթի նախարարություն, որի առջեւ կդրվի կոնկրետ բարեփոխումների իրականացման պահանջ եւ այլեւս մշակույթը չի ընկալվի, կոպիտ ասած՝ ստորադաս ոլորտ։ Ճիշտ հասկացեք, այստեղ անձերի հարցը չէ, այլ աշխատանքի ծավալի։ Եթե մեր երկրում 30 տարիների ընթացքում իրականացված կամ գոնե սկսված լինեին բարեփոխումները, միգուցե կարելի էր բավարարվել նախարարության ներկայիս կարգավիճակով։ Բայց ներկայիս գործող համակարգը լակմուսի թղթի պես ընտիր դեր խաղաց, ցույց տալով այն բացերը, թերացումները, որ առկա են ոլորտում, միեւնույն ժամանակ ցույց տվեց մշակութային օջախների անսահման երեւակայության հնարավորությունը… Վերջինի առիթով տեղին է հիշել «քեֆ անողին քեֆ չի պակսիլ» ասացվածքը։ Այսինքն՝ ով ուզում է ստեղծագործել, նա ելքը գտնում է… Առցանց կայացած կոնֆերանսի շրջանակներում ես օրինակ բերեցի Փարաջանովի երեւանյան տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են հանճարեղ արվեստագետի՝ բանտում արված գործերը, փաստելով այն իրողությունը, որ ստեղծագործող տաղանդավոր մարդու համար արվեստին ծառայելը օդի նման բան է. եթե դա չլինի, նա պարզապես կխեղդվի։ Հիմա տեղափոխվենք այլ դաշտ։ Մեր երկրում երբեք չի զարգանա մշակույթ, եթե չունենանք օրինական դաշտ ազատ, անկախ ստեղծագործողների համար եւ եթե ի վերջո չընդունենք մեկենասության ու հովանավորչության մասին օրենքներ։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում վիճակախաղը պետական մենաշնորհ է, որի ողջ եկամուտը ուղղորդվում է մշակույթին ու կրթությանը։ Գիտեք, սա ոչ միայն ֆինանսական, այլեւ գաղափարական հարց է։ Մարդիկ, միեւնույն է, անօրինական ճանապարհով էլ կխաղան, բայց մարդը, որ պարտվում է խաղում, գոնե մխիթարում է իրեն, թե գումարը տրամադրվել է մշակույթին կամ կրթությանը։ Կան երկրներ, որտեղ հարկային արտոնություններով է լուծված մշակութային հովանավորչությունը։ Այդ երկրների թվում են ԱՄՆ-ն, եվրոպական երկրները եւ այլն։ Մենք այլ խնդիրների թվում ունենք ազատ, անկախ ստեղծագործողների վիճակին վերաբերող գերխնդիր։

– Այդ եւ այլ հարցերի լուծումը կտա՞, օրինակ, մշակույթի մասին օրենքը, եթե երբեւէ այն շրջանառվի եւ ընդունվի ԱԺ-ում։

– Կրկնեմ, որ ես կարեւորում եմ մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքները։ Մյուս կողմից, նախ պետք է սահմանել ազատ, անկախ ստեղծագործողների կարգավիճակը, պարզել՝ ո՞վ կարող է համարվել այդպիսին։ Ամենակարեւոր օրենքները կստեղծվեն, երբ պետությունը գիտակցի մշակույթի անհրաժեշտությունը մարդկային հոգեւոր զարգացման գործում։ Չի կարող լինել քաղաքակիրթ երկիր առանց մշակույթի։ Ավելին ասեմ՝ վստահ եմ, որ թյուր կարծիք է այն, թե պետությունը այդ ամենին կարող է աջակցել, բայց ոչ երբեք կառավարել։ Հակառակ դեպքում մշտապես կծագեն հարցեր, թե ինչու, օրինակ, աջակցում են այս կամ այն թատրոնին՝ թեկուզ հենց համավարակի շրջանում, իսկ իրենց՝ ոչ… Ի վերջո, ովքե՞ր են դատավորները, որոշողները։ Եվ հավատացեք, դժգոհողների քանակը՝ կախված պետբյուջեի աջակցությունից, գնալով աճելու է։

– Պարոն Բաբայան, թույլ տվեք պնդել ԱԺ-ի դերը մշակույթի ոլորտում։ Համակարծիք կլինեք, որ 30 տարիների ընթացքում ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրերին ձեռքերի վրա կարելի է հաշվել, թե պատգամավորները մշակույթի ոլորտին առնչվող քանի հարց են բարձրացրել։ Համամիտ ենք ձեզ հետ, որ պետք է դասեր վերցնել աշխարհից, օրինակ, Լեհաստանի պառլամենտի նախաձեռնությամբ ու ֆինանսական աջակցությամբ աշխատավարձերի հետ միասին պարգեւավճարի կարգով ամեն ամիս տրվում են թատրոնների ներկայացումների ու դասական համերգների տոմսեր, որն էլ հենց ակտիվ զարգացող թատերական կյանք ունենալու երաշխիքն է։ Լեհաստանն ամենաշատ թատրոններ ունեցող երկրներից մեկն է աշխարհում եւ բնականաբար գիտեք, որ այնտեղ է գտնվում Եվրոպայի թատերական փորձերի ու ներկայացումների ամենամեծ վիդեոլուսանկարչական արխիվը։ Կրկնենք, որ դա տեղի պառլամենտի ֆինանսական աջակցության շնորհիվ է։ Մի իրողություն էլ փաստենք. նախկինում, երբ Երեւան էին ժամանում աշխարհահռչակ արվեստագետներ, դահլիճների 50 տոկոսից ավելին հանդիսատեսի թվում էին դեպուտատներն ու նրանց ընտանիքի անդամները, բարեկամները եւ այլն…

– Այդ դեպքում պատգամավորները համոզված են եղել, որ իրենց տրված հրավիրատոմսը հարգանքի նշան է, բայց իրողությունը լրիվ հակառակն է ասում։ Եթե պաշտոնյան օգտվում է հրավիրատոմսից, այլ ոչ թե գնում է տոմս, ապա լինի պաշտոնյա, պատգամավոր, թե… նա պարզապես հոգեբանորեն աղքատ մարդ է եւ չի կարող աջակցել կամ զարգացնել որեւէ ոլորտ։  Արժանապատվություն ունեցող մարդը երբեւիցե չի կարող իրեն թույլ տալ որեւէ բանից օգտվել անվճար, լինի դա թատրոնի տոմս, հագուստ եւ այլն։

– ԱԺ-ում 2007-ից կամ 2008-ից մինչ օրս «ննջում» է թատրոնի մասին օրենքը…

– Ինչ խնդրի առաջ ենք կանգնած այսօր։ Իրավունք ունի՞ պետությունը որոշել, թե քանի թատրոն է հարկավոր երկրին։ Միանշանակ՝ ոչ, բայց պետական թատրոն՝ այո։ Մեծ հաշվով պետք է ստեղծել պայմաններ, որ թատրոնները բնական ձեւով ծնվեն ու հասնեն, այսպես ասած՝ մինչեւ մահ։ Որովհետեւ եթե մենք չենք ընդունում որեւէ օրենք, որը հնարավորություն կընձեռի, ասենք, ստեղծվեն ու զարգանան ոչ պետական թատրոններ, մենք այդ դեպքում սահմանափակում ենք թատրոնների ընդհանուր քանակը։ Հաճախ ենք լսում, թե պետությունը կարող է ֆինանսավորել, ասենք՝ 6 թատրոն։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա թատերարվեստի եւ մշակութային կյանքի համար պարզապես մահ է։ Զրույցի ընթացքում դուք օրինակ բերեցիք լեհական թատերարվեստը, իսկ գիտե՞ք, որ այդ երկրի բոլոր թատրոններն ունեն միայն քաղաքապետարանների աջակցություն, ավելի ճիշտ՝ թատրոնները գործում են միայն քաղաքապետարանների ենթակայության։ Ավելին ասեմ՝ Մոսկվայում գործում է մոտ 80 թատրոն, իսկ պետականը ընդամենը 4-ն են՝ ՄԽԱՏ-ը, Բոլշոյը, Մալին եւ Օբրոզցովի տիկնիկային թատրոնները։ Մնացած մի քանի տասնյակները պատկանում են Մոսկվայի քաղաքապետարանին։

– Այդ դեպքում, ասենք, մոսկվացիները կամ մենք՝ հայերս,  փաստորեն «դատապարտված» ենք տարիներ շարունակ ըստ էության դիտել հիմնականում խաղացանկային ներկայացումները։ Նույնիսկ ամենահաջողված ներկայացումը քանի՞ անգամ կարելի է դիտել։

– Ես հենց այդ մասին եմ խոսում, որ, ինչու ոչ, որոշ թատրոններ էլ պետք է գործեն  քաղաքապետարանների ենթակայության տակ։ Ի վերջո, դա կբարձրացնի քաղաքային իշխանությունների պարտականությունն ու պատասխանատվությունը թատրոնների հանդեպ։ Ինչ վերաբերում է խաղացանկին, յուրաքանչյուր քաղաքային իշխանություն թատերաշրջանից հետո, իհարկե, մասնագիտական հանձնաժողովի հետ, վերլուծության կենթարկի տվյալ թատրոնի խաղացանկը, ասենք՝ ինչքանով են նոր բեմադրությունները բացահայտում նոր տաղանդների կամ ինչքանով է այդ թատրոնների գործունեությունը համահունչ համաշխարհային թատերական պրոցեսին եւ այլն։ Նաեւ՝ ինչքանով է հետաքրքիր նրանց գործունեությունը նաեւ աշխարհին։ Ինչու ոչ՝ վերլուծությունների ընթացքում գուցե հայտնվեն թատրոններ, որ մշտապես թափահարելով ազգային հայրենասիրական դրոշը, փաստորեն դոփում են տեղում եւ ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ իրենց իսկ ստեղծած ճահճից։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031