Վերջին օրերին հաքերային հարձակումները նոր թափ են առել։
Թեմայի շուրջ զրուցել եմ ծրագրավորող, մեդիագրագիտության փորձագետ Սամվել Հայրապետյանի հետ։
– Հաքերային հարձակումները վերջին ժամանակներում ավելի են շատացել, սակայն մարդկանց որոշ մաս իրազեկված չէ, թե ինչպես պաշտպանվի։ Հիմնականում ինչպե՞ս են նրանք «հարձակվում» համացանցով։
– Նախ պետք է տարանջատել հաքերային հարձակումները ժուլիկների հարձակումից, կայացած հաքերները հիմնականում հարձակվում են պետական կայքերի, տվյալների բազաների, գաղտնի ինֆորմացիաների եւ փաստաթղթերի պահուստների վրա եւ այլն, իսկ ժուլիկները հիմնականում զբաղվում են պրոֆիլներ գողանալ-վաճառելով օգտատերերի վրա, քարդինգով, կամ մարդկանց տարբեր միջոցներով ծուղակը գցելով ու գումար շորթելով։ Եթե խոսենք Ադրբեջանի հաքերների մասին, իրենց մոտ քչերն են իրոք հաքերներ, մեծ մասը ժուլիկներ են, որոնք պարզապես կիրառելով ֆիշինգ ասվածը, գողանում են մարդկանց պրոֆիլները, հետո անձնական տվյալներ հրապարակում, կամ գումար պահանջում պրոֆիլը վերադարձնելու համար։ Պաշտպանվելու հիմնական ձեւերից մեկը դա բոլոր հնարավոր տեղերում միացնել երկփուլային անվտանգության համակարգը, անծանոթ մարդկանց ուղարկած հղումները բացելուց հետո լոգին չլինել, չմասնակցել տարատեսակ կասկածելի մրցույթների, չհավատալ, որ ինչ-որ կայք մտնելով՝ կարող են շահել մեկ միլիոն դոլար, չհավատալ իրենց էլ, հասցեի վրա եկած, այսպես կոչված, պաշտոնական նամակներին, որտեղ Ֆեյսբուքը կամ այլ ընկերություն իրենց այդ կապույտ նշաններից են առաջարկում՝ որը ունի, օրինակ, Նիկոլ Փաշինյանը։ Ամենակարեւորը՝ լինել ուշադիր, մեդիագրագետ, ու չտրվել ամեն տեսակի սադրանք/գայթակղություններին։
Կարդացեք նաև
– Նրանք հատուկ խավ են առանձնացնում եւ անձնական նամա՞կ ուղարկում, թե՞ տարբեր մարդկանց են ընտրում եւ գրում։
– Տարբեր մարդկանց են ուղարկում, քանի որ ի սկզբանե չգիտեն, թե ում մոտ է միացված երկփուլային անվտանգության համակարգը, իսկ ում մոտ ոչ, ուղարկում են, որը «կպավ-կպավ»։
– Ի՞նչ եք կարծում, հաքերների աշխատանքը տարեցտարի աճո՞ւմ է։ Ունե՞ք ուսումնասիրություններ։
– Այո, միանշանակ աճում է, օրինակ, 10-15 տարի առաջ հաքեր դառնալը շատ դժվար էր, քանի որ ինֆորմացիան քիչ էր, ինչ էլ կար՝ կամ շատ թանկ էր, կամ էլ արգելված, իսկ հիմա համացանցի տարբեր «սեւ անկյուններում» անվճար ու մանրամասն դրված են նյութեր, թե ինչպես 0-ից կարող են դառնալ լավ ծրագրավորող, կամ լավ հաքեր։ Համաշխարհային մասշտաբով չեմ հետաքրքրվում, հետեւում եմ միայն խոշոր հաքերային հարձակումներին, իսկ հայ- ադրբեջանական մասշտաբով ակտիվ հետեւում եմ, 2016-ից հետո 2-3 անգամ ավելացել է հարձակումների քանակը։
– Ի՞նչ անի օգտատերը, որ պաշտպանի իր անձնական էջը։
– Լինի մաքսիմում ուշադիր, մեդիագրագետ, ու բոլոր հնարավոր տեղերում միացնի երկփուլային անվտանգության համակարգը, իր պրոֆիլի անձնական տվյալները՝ հեռ. համար, էլհասցե եւ այլն, դարձնի կոնֆիդենցիալ միայն ընկերների համար, կամ միայն իր համար։
– Բանակի եւ զինվորների մասով էլ են շատ լինում հաքերների գրառումները։ Կարծում եմ, որ հասարակության մի հատված իրավագիտակցության ցածր մակարդակ ունի։
– Ավելի շատ մեդիագրագիտության խնդիր է այստեղ, խնդիրները բավականին շատ են, օրինակ, Ադրբեջանի հատուկ ծառայությունները աղջիկների պրոֆիլներով գրում են մեր զինվորներին, ծանոթանում են, կիրառում են, այսպես կոչված, սոցիալ ինժեներիան, որից հետո էլ սկսում են ինֆորմացիաներ կորզել։
– Մի քիչ խոսեք փաստաթղթերի պահով, որոնք հրապարակում են ադրբեջանական էջերում։ Ինչպիսի՞ վնաս կարող է այն տալ։
– Վնասները շատ կարող են լինել, բայց ավելի շատ անձնական տվյալների խնդիր է դառնում, բժշկական գաղտնիքի բացահայտում է լինում, կարող են իմանալ՝ ով որտեղ է ծառայում, ինչ պաշտոն ունի, տան հասցեն, որ բանկից է օգտվում։ Համացանցում ցանկացած մարդ պետք է ուշադիր լինի իր անձնական տվյալներին, ու այնպես անի, որ իր անձնական տվյալները հասանելի չլինեն իրենից բացի ոչ մեկին։
Հարցազրույցը`
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
Արցախ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2020