ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը երկու երկրների սահմանին և սկսել սուբստանտիվ բանակցություններ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ Ծերեթելին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ և իր մտահոգությունն է հայտնել բախումների առնչությամբ, որոնք ուղեկցվել են ծանր հրետանու կիրառմամբ և հանգեցրել են զոհերի: Ծերեթելին փաստել է, որ սահմանային այս միջադեպը հրադադարի ամենամեծ խախտումն են 2016թ. ի վեր:
Նրա խոսքով՝ այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված զինված բախումները վկայում են հակամարտության էսկալացիայի մասին և կարող են վտանգել խաղաղ բանակցությունները, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին գլոբալ հրադադար հաստատելու կոչը:
Ծերեթելին նաև շեշտել է, որ հայ-ադրբեջանական սահմանի մոտ, որտեղ տեղի են ունենում բախումները, տեղակայված են բնակավայրեր, ինչն էլ մեծացնում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի ռիսկը: Նա հորդորել է սկսել մշտադիտարկումները, հենց որ համաճարակային իրավիճակը թույլ տա:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան իր հերթին կարևորել է խորհրդարանականների դերը՝ վստահության ամրապնդման և հակամարտության կարգավորման գործում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ