Ադրբեջանի տարածքում հայտնված Սյունիքի մարզի բնակիչ Նարեկ Սարդարյանին հուլիսի 8-ից համագյուղացիներն ու հարազատները փնտրել ու չեն գտել եւ միանգամից նրա կորելու լուրը փոխանցել են իրավապահներին: Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Երվանդ Մալունցը պատմեց, որ Սարդարյանին ծնված օրվանից ճանաչում է.
«Ոչ մի արտառոց, տարօրինակ բան նրա մոտ չեմ նկատել, բացառում եմ, որ ինքնակամ սահմանը հատեր: Կարող է ադրբեջանցիներն են տարել կամ անցել է՝չիմանակով, որ ադրբեջանցիների սահմանն է անցել, մոլորվել է»:
Ըստ նրա՝ Նարեկը հուլիսի 8-ին տնից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել. «Անասունների հետ գնացել է արոտ ու այլեւս չի վերադարձել, նրան տեսնող չի եղել, հենց ամսի ութի գիշերվանից էլ ոստիկանները, ԱԻՆ-ը մասնակցել են որոնողական աշխատանքներին»:
Գյուղապետի տեղեկություններով՝ «Կարմիր խաչի» աշխատակիցներն այսօր հանդիպել են Սարդարյանի ընտանիքի անդամներին, բայց ասաց՝ տեղյակ չէ հանդիպման մանրամասներին: Նարեկի հորեղբոր որդին՝ Դավիթ Սարդարյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց պատմել հանդիպման մանրամասները, նա միայն ասաց, որ դեպքի մանրամասներից տեղեկություն չունի:
Կարդացեք նաև
Նարեկ Սարդարյանը ունի անչափահաս երկու երեխա, ապրում էր ծնողների ու կնոջ հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ