«Փաստացի լուսանկարներով այս պահին ունենք հակառակորդի տասը դիակի փաստ: Եթե հաշվենք, որ այստեղ տասն են, եւ էլի կան տեղանքներ, որտեղից իրենց դիերը հանված չեն, եւ որ ոչ բոլորն են միանգամից զոհվում, այլ զոհվում են հետ քաշվելուց հետո, ապա ստացվում է, որ զգալի թվով կորուստ են կրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Այսօր նա նշել էր՝ էլի կան տարածքներ, որտեղ մնացել են հակառակորդի հատուկ ջոկատայինների դիերը: Հիշեցնենք, որ այս գիշեր Տավուշի սահմանին հակառակորդը գործի է դրել մոտ 100 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների խումբը, որին կասեցրել է ՀՀ ԶՈՒ-ն:
«Չէի ուզենա ասել, որ հարյուրն էլ ջախջախվել են, բայց ստացվում է, որ մոտ հարյուր հոգանոց խումբը զգալի կորուստ է կրել: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաստատել են, որ դա այսպես կոչված «Յաշմա» բրիգադն է, որն էլիտար ստորաբաժանում է, որի բազայի հիման վրա պատրաստվում են Ադրբեջանի հատուկ ջոկատայինները»,-տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը, ապա հավելեց,-«տրամաբանական է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերն ու երրորդ բանակային կորպուսը, չկարողանալով լուծել մարտական խնդիրը, գործի էին դրել էլիտար ստորաբաժանումը՝ Ալիեւ բարձրագոչ հայտարարությունից հետո»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ