«Համայնքի քաղպաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել եւ դրա շնորհիվ է, որ մենք մինչեւ օրվա երկրորդ կեսը կարողանում էինք պատսպարվել եւ խուսափել մարդկային հետեւանքներից, սակայն ցավոք ունեցանք վիրավոր Չինարի գյուղում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծմանը:
Հիշեցնենք, որ Չինարիի բնակիչ Արամայիս Հովակիմյանը վիրավորվել է: Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, մարզպետը հայտնեց. «Չինարիի բնակչի վիրավորումից հետո ԱԻՆ մեքենան մոտեցել է օգնելու, ինչի արդյունքում թիրախավորվել է: Ռմբակոծությունն արվել է ԱԹՍ-ից: Քաղաքացու առողջական վիճակը բավարար է»:
Մարզպետի խոսքով՝ այսօրվա քաղպաշտպանությունն ու պատսպարումն առանձնահատուկ էր, քանի որ հիմնված էր ԱԹՍ-ից պաշտպանվելու պահանջի վրա. «Սա նորություն էր մեզ համար, որովհետեւ եթե հրետակոծությունների ժամանակ հայտնի են պատսպարվելու վայրերը, ապա այս պարագայում թիրախավորված էր ողջ տարածաշրջանը: Ըստ էության, կարողացանք ապահովել տոտալ պատսպարում՝ ոչ միայն մարդկանց, այլեւ տրանսպորտային միջոցների»: Մարզպետը հավելեց, որ ԱԻՆ մեքենան մինչեւ վիրավոր քաղաքացուն օգնության հասնելը եւս եղել է ծածուկ վայրում:
Հայկ Չոբանյանը տեղեկացրեց, որ ապաստարանային միջոցները համալրվել են եւ առաջիկայում էլ կավելացվեն՝ մարդկանց համար կենսագործունեություն ապահովելու նպատակով: Այսօր, մարզպետի փոխանցմամբ, սկսվել է սահմանամերձ համայնքների՝ հակառակորդից վնասված տների վնասների գնահատման աշխատանքը. «Արձանագրել ենք բոլոր դեպքերը: Այս օրերին եղել է վնասման 51 դեպք, որից 4-ը՝ ենթակառուցվածքային, 4-ը՝ տրանսպորտային միջոցներ, 41-ը՝ շինություններ, մնացածը՝ ընտանի կենդանիներ: Շինություններից 29-ը վնասվել են մինչեւ այսօր, իսկ մնացածը՝ օրվա ընթացքում: 2-ը ենթակա են լիարժեք վերականգման, մնացածը՝ հիմնանորոգման»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ