«Այսօր Ադրբեջանի քարոզչամեքենան փայլեց հերթական գլուխգործոցով. պաշտպանության նախարարության կողմից, ի պատասխան մեր տիրույթում մասնավոր անձանց, գործիչների հայտարարություններին՝ Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտներին հարված հասցնելու վերաբերյալ, հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա շեշտեց՝ որեւէ պաշտոնական հայտարարություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից չի եղել՝ Ադրբեջանի քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին, մինչդեռ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնաց, թե կոչնչացնի Մեծամորի ատոմակայանը: «Ավելին՝ անգամ ադրբեջանական գյուղերում որեւէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈՒ-ի կողմից: Ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագետները, մտավորականներն այս հարցն արդեն բարձրաձայնում են համապատասխան մարմիններում, որովհետեւ սա կոնկրետ եզրակացության տեղիք պետք է տա: Սա կոնկրետ հանցագործություն է»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ