Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը պահանջում է ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից և ՀԱՊԿ-ից՝ սանձել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան

Հուլիս 16,2020 19:50

Կոչ միջազգային հանրության շահագրգիռ սուբյեկտներին՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծայրաստիճան լարվել է իրադրությունը հայ-ադրբեջանական միջպետական սահմանի Տավուշի ուղղությամբ։

Կոպտորեն արհամարհելով ինչպես միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի Եզրափակիչ ակտի պահանջները, այնպես էլ 1994 և 1995 թթ․ եռակողմ և անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել իրավիճակը ծայրաստիճան լարելու մարտավարության, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի վրա, այլև ամբողջ տարածաշրջանում։

Ադրբեջանական իշխանության նման անպատասխանատու կեցվածքը նաև արհամարհանք է  ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի հանդեպ, որոնց լիիրավ անդամ է Հայաստանը։ Հաշվի առնելով բանակցային գործընթացի ձևաչափը և դրա համանախագահության կազմը՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը անհարգալից վերաբերմունք է նաև ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի նկատմամբ։ Ադրբեջանական իշխանություններին նույնիսկ հետ չպահեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի օրերին միջազգային զինադադար ապահովելու կոչը։

Հատկանշական է, որ ադրբեջանական սադրիչ գործողությունները և ՀՀ պետական սահմանի ու քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացրած ագրեսիան անթաքույց սատարում են գտնում Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից։ Իր հարևան տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը մշտապես լարված պահող, հարևանների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններով հայտնի թուրքական պետությունը այժմ էլ անուղղակիորեն ձեռնամուխ է եղել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների լարմանը։

Հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա հնարավոր զարգացումների անկանխատեսելի բնույթը, ինչը նախ և առաջ պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ այլ պետությունների հետ ունեցած ռազմական փոխօգնության համաձայնագրերով, պահանջում ենք շահագրգիռ միջազգային կազմակերպություններից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից և ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Մինսկի խմբի անդամ պետություններից

  • Գործուն և հստակ քայլերով սանձել Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան,
  • Քաղաքական գնահատական տալ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումների գործողություններին՝ այդ թվում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը։ Անհրաժեշտ է գնահատել նաև, Ադրբեջանի զինուժի հրետանային մարտկոցների տեղակայումը սեփական բնակավայրերի բնակելի տարածքներում, որը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի 1949 թվականի կոնվենցիայի կոպտագույն խախտում է,
  • Կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած միջազգային պարտավորությունները,
  • Հարավային Կովկասում լիցքաթափել ռազմաքաղաքական իրավիճակը։

Առաջադրելով այս պահանջները՝ վճռականորեն կանգնած ենք հայոց բանակի կողքին, հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031