Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈՒ զինծառայողների, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կատարած հանցավոր ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ

Հուլիս 16,2020 19:40

2020թ.-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, օրվա տարբեր ժամերի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի՝ Բերդի համայնքի բնակավայրերի հատվածում, Ադրբեջանի հետ պետական սահմանի գոտում, հակառակորդի զինված ուժերը ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տարբեր տրամաչափի հրետանային միջոցների,  ականանետների կիրառմամբ արկակոծության են ենթարկել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մի քանի մարտական դիրքերի տարածքները՝ կիրառելով նաև «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր:

Իրականացված այս հանցավոր գործողությունները, սակայն, ավարտին չեն հասցվել հանցավորների կամքից անկախ հանգամանքներով՝ նշված անօդաչու թռչող սարքերի, հրետանային միջոցների և ականանետների հարվածներից առաջացած պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի՝ հիմնականում թեթև բեկորային մարմնական վնասվածներ կամ ուղեղի ցնցում են ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային, ինչպես նաև ժամկետային զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Հակառակորդի վերոնշյալ գործողությունների արդյունքում նաև վնասվել են առանձին տրանսպորտային միջոցներ:

Նշված դեպքերի  առթիվ 2020թ. հուլիսի 13-ին և 14-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով  հարուցվել է 9 քրեական գործ:

2020թ-ի հուլիսի 14-ին` ՀՀ–ի և ԱՀ-ի միջև պետական սահմանի նույն հատվածում, ժամը 12:25-ի և 13:30-ի շրջանում, հակառակորդի կողմից վերոնշյալ՝ ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և գույքի դիտավորյալ ոչնչացման դիտավորությամբ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ ռազմական նշանակության առանձին օբյեկտների տարածքներին հարվածներ են հասցվել «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Դրանց հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ինչպես նաև մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ են ստացել նաև մի քանի զինծառայողներ:

Նշված դեպքերի առթիվ հուլիսի 14-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով, մյուսը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Վերոնշյալ բոլոր՝ 11 քրեական գործերով կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվել են դեպքի վայրերի զննություններ, նշանակվել են զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննություններ, բոլոր վիրավորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել և շարունակվում են նաև այլ անհրաժեշտ քննչական գործողություններ:

Միջոցներ են ձեռնարկվում նաև քրեաիրավական գնահատականների արժանացնելու ՀՀ  պետական սահմանի նույն հատվածում հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ, ՀՀ տարածքային անձեռնմխելիության, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի մի քանի բնակավայրերի քաղաքացիական անձանց կյանքի և առողջության, նրանց գույքի նկատմամբ իրականացված հանցավոր ոտնձգություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031