Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարին ժամանակին՝ «Ադրբեջան․ մանկություն ատելության մեջ» անգլալեզու հետազոտություն է փոխանցել

Հուլիս 16,2020 19:20

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ազատվել է կրթության նախարարի պաշտոնից և նշանակվել է արտաքին գործերի նախարար։

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2017 թվականին, Բաքվում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ընթացքում հանդիպել է Ջեյհուն Բայրամովին։

Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց այդ հանդիպումը․ «Նա էր մասնակցում Ադրբեջանում տեղի ունեցող Եվրանեսթի շրջանակներում Արևելյան գործընկերության շրջանակներում այն կոնֆերանսին, որին մասնակցում էի նաև ես՝ որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար։ Ես հիշեցի իր դեմքը, երբ տեսա որպես նոր ԱԳՆ, փորփրեցի, գուգլեցի ու հասկացա, որ սա այն մարդն է, որ ժամանակին որպես կրթության և գիտության փոխնախարար հերթական ճոռոմաբանությունն էր արտաբերում կոնֆերանսի ժամանակ։ Եվ ես նախապես ինձ հետ տարել էի մեր ադրբեջանագետների՝ Անժելա Էլիբեգովայի և Արմինե Ադիբեկյանի հեղինակած «Ադրբեջան․ մանկություն ատելության մեջ» անգլալեզու հետազոտությունը, որը վերաբերվում էր ադրբեջանական կրթական ծրագրերում հակահայկական քարոզչությանը։ Եվ առիթից օգտվելով բոլորի՝ միջազգային գործընկերների, եվրապատգամավորների, մամուլի միջոցների ներկայությամբ իմ ելույթից հետո, որտեղ խոսեցի Ադրբեջանում հայատյացությունը պետական կրոն հռչակելու և հայատյաց քաղաքականության մասին, որպես ապացույց նաև հենց տեղում փոխանցեցի այդ աշխատությունը իրեն՝ որպես իմ խոսքերի ապացույց»։

Արմեն Աշոտյանը զարմացած է նման նշանակումից․ «Վստահ եմ՝ ավելի շատ ներիշխանական վերադասավորումների շահերով է առաջնորդվել Ալիևը, քան մասնագիտական ունակություններով։ Որովհետև նաև հետևել եմ կրթության ոլորտի զարգացումներին, մեծ նվաճումներ կամ բարձր ակտիվություն, տեսանելիություն ու բարձր մակարդակ չեմ տեսել։ Շատ առաջ չընկնեմ, բոլոր դեպքերում, նա թշնամի պետության արտաքին շահերը սպասարկող գերատեսչության ղեկավար է նշանակվել, և ըստ այդմ պետք է տրամադրվել հակազդելու և կոնտր-հարձակումներ իրականացնելու՝ արտաքին քաղաքականության դաշտում՝ բացահայտելու համար ադրբեջանական ներկայիս իշխանական ողջ ֆաշիստական և հայատյաց էությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031