Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ հանդես եկած Տրայան Բասեսկուն Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Եվրախորհրդարանի ղեկավարությանը. Արման Եղոյան

Հուլիս 16,2020 18:20

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մոտ մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Մարինա Կալյուրանդը, որը նաև ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Վրաստան ասոցացման և ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեների համանախագահն է, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուի և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ էին հանդես եկել՝ իրենց ձևակերպումներում էականորեն շեղվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից օգտագործվող և Եվրախորհրդարանի կողմից ընդունված ձևակերպումներից։

Դրանից հետո ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում հայկական ողջ պատվիրակությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ դրանում մանրամասն ներկայացնելով վերոնշյալ հայտարարությունում տեղ գտած իրավաքաղաքական սխալներն ու մեզ համար անընդունելի ձևակերպումները։

Նույնն արել էինք նաև Եվրախորհրդարանի մեր մյուս բոլոր գործընկերների հետ ակտիվ նամակագրական կապի ընթացքում։

Այսօր տեղեկացանք, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին սադրանքների առիթով տիկին Կալյուրանդը հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ, որտեղ, զգուշավոր լավատեսությամբ կարող ենք արձանագրել, որ հաշվի է առել իր նախորդ հայտարարության հետ կապված մեր դիտարկումներն ու մտահոգությունները։

Մասնավորապես, Արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք Հիմնարար սկզբունքներից որևէ մեկին առավելություն չի տրվել, այլ հղում է արվել բոլոր երեքը պարունակող ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին»։

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031