Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախարարը մեր մոտ ոչ մի անգամ ոտք չի դրել»․ ոտքի են ելել Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերի աշխատակիցները

Հուլիս 16,2020 17:57

Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերի անձնակազմը ոտքի է ելել՝ բողոքելով կառավարության մշակած նախագծի դեմ, համաձայն որի՝ իրենց կառույցը լուծարելու են՝ միավորելով Գյումրի բժշկական կենտրոնին։ Նախագծի համաձայն, Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերից բացի՝ Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու են նաև Գյումրու ծննդատունն ու պաթանատոմիական կենտրոնը։

Ուռուցքաբանական դիսպանսերի աշխատակիցների պնդմամբ, առողջապահության նախարարությունից որևէ մեկը ոտք դրած չկա իրենց կառույց, սակայն, չգիտես ինչպես, որոշել են, որ շենքային պայմանները վատ են, սարքավորումները՝ հին։ Նրանք մեզ ցույց տվեցին, որ վերանորոգումներ են անում դիսպանսերում։

Աշխատակիցները նեղված են, որ նման նախագիծ մշակելիս՝ բացարձակ հաշվի չեն առել նաև ո՛չ իրենց, ո՛չ էլ բուժառուների կարծիքը։

Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանն ասաց․ «Կա կառավարության նախագիծ, որտեղ գրված է՝ Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերն օպտիմալացվում է, փակվում է։ Ճառագայթային բաժանմունքն ընդհանրապես փակվում է, հիվանդները պետք է գնան և ստանան համապատասխան բուժում Երևանում, այսինքն` Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ Գյումրի բժշկական կենտրոնում բացվում է 12 մահճակալ՝ վիրաբուժական և քիմիաթերևապետիկ հիվանդների համար։

Պատճառաբանում են, թե շենքային պայմաններն են շատ վատը, սարքավորումները շատ հին են, դրա համար պիտի գնան և հետազոտվեն նորագույն տեխնիկայով։ Խնդրեմ, գնացեք, շրջեք, ձեր աչքով տեսեք մեր շենքային պայմաններն արդյոք վա՞տն են։ Հիմա մենք հոյակապ վերանորոգում ենք անում բաժանմունքում։ Իսկ ինչ վերաբերում է սարքավորումներին, այո՛, մենք սարքավորման կարիք ունենք, բայց եթե մի բուժհիմնարկի սարքավորումները հնանում են, ի՞նչ են անում, դրանք չեն համալրո՞ւմ, փակո՞ւմ են հիմնարկն, ասո՞ւմ են՝ մի տեղ նորն է դրած, գնացեք, բուժվե՞ք։

Մենք ունենք հոյակապ ճառագայթային ապարատ, որն ունի վերալիցքավորման կարիք, եթե վերալիցքավորեն, հոյակապ կաշխատի։ 100 հազար դոլարին համարժեք դրամ կպահանջվի, և 9 տարի այդ հիվանդները կբուժեն այստեղ», -ասաց տնօրենը։

Նա նշեց, որ դիսպանսերն ունի 30 մահճակալ, կորոնավիրուսի հետ կապված հիվանդների հոսքը քչացել է, ամեն ամիս 50-55 հիվանդ բուժում են։ Ընդհանուր առմամբ 3800-ից ավելի հաշվառված հիվանդներ կան։

«Ես օրինակ ուրախացա, որ հեղափոխությունից հետո եկավ նոր կառավարություն, և Արսեն Թորոսյանն ասաց, որ մեծ ուշադրություն են դարձնելու ուռուցքաբանական ծառայության վրա։ Եվ երկու օր առաջ ստանում ենք նախագիծը, որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը, այս ավանդույթ ունեցող, տասնյակ հազարավոր հիվանդների բուժած, և Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում աշխատող բժիշկների որակավորած, կրթած բուժհաստատությունը որոշել են, որ պետք չէ», -նեղվեց Վալերիկ Շիրանյանը։

Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում բժշկական հաստատությունների ապակենտրոնացումն ավելի ճիշտ է, քան բոլորը մեկտեղելը։

Նա նաև ասաց, որ ունեն 60 աշխատակից, թե քանիսը կկորցնեն իրենց աշխատանքը, այդ թեման չի շոշափվել, սակայն Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքում կլինի 12 մահճակալ, իսկ նրանց անհրաժեշտ կլինի մեկ բժիշկ և երեք բուժքույր։

Ըստ Վարելիկ Շիրինյանի, անհրաժեշտ է ճիշտ մասնագիտական մոտեցում հիվանդների բուժման հարցում։

«Դուք գիտեք մեր բնակչության սոցիալական վիճակը, մեր մոտ, որպեսզի հիվանդները չգան, չսպասեն, մենք ասում ենք, որ ժամին գան։ Հիվանդներից մեկը մի օր ուշացավ, ուշացմամբ մեկ ժամ հետո եկավ Ամասիայից։ Երբ հարցրեցի՝ տիկին ջան, ինչո՞ւ ուշացար, մտահոգվեցինք, ասաց՝ բժիշկ ջան, ես հինգ հատ ձու էի բերել հետս, գնացի շուկա, վաճառելու, որպեսզի փող լիներ, «գազել»-ով հետ գնայի։ Մի քանի օր է՝ ոտքով էի գալիս Ամասիայից, բայց ափսոս ձուս չվաճառվեց․․․

Եվ հիմա մենք այդ հիվանդներն առաջարկում ենք գնալ Երևան՝ երկու ամիս ճառագայթային բուժում ստանալու։ Դա միակը չէ, այդպես տասնյակ, հարյուրավոր հիվանդներ կան։ Ես ափսոսում եմ, որ Ախուրիկ գյուղից հիվանդը ոտքով գալիս է այստեղ, բուժում է ստանում։ Իհարկե, մենք նրան տաքսիով հետ ենք ուղարկել, օգնել ենք, բայց մարդը շատ դեպքերում չի ասում, որ ոտքով է եկել, և հիմա նրանց առաջարկում են գնալ մայրաքաղաք, բուժում ստանալ»,-ասաց Վալերիկ Շիրանյանը

Ռադիոթերապևտ Գագիկ Մելքոնյանն էլ ասում է, հին սարքավորումներ գոյություն չունեն, անհրաժեշտ է ռադիոակտիվ նյութ ու ճառագայթային սարքավորումը նորմալ կաշխատի․ միջուկը պիտի փոխվի։

«Դա մեր հնարավորություններից դուրս է, մեղադրել, որ ուռուցքաբանական դիսպանսերը ժամանակին բան չի արել, պատկերացնել անգամ չի կարելի, թե մեր բյուջեն ինչքան է և դա ինչ ծախս է։ Եվ նախարարությունում շատ լավ գիտեն, մեզ ինչ է տալիս։ Եթե միջուկը փոխվի 10 տարի կբավարարի։ Խոսում էին հանրապետությունում ուռուցքաբանության համաչափ զարգացման մասին, ծրագիր էին մշակել, նախատեսվում էր Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը մինչև 23 թիվը փոխել, ի՞նչ եղավ այդ ծրագիրը։

Ո՞նց կարելի է կենտրոնացնել մի տեղ, համավարակ է, վաղը Աստված գիտի՝ ինչ աղետալի վիճակ կարող է լինել, ինչպես են լուծելու հետագա հարցերը։ Գյումրու բժշկական կենտրոնում տեսանք ինչ քաշեցին աշխատակիցները, վարակվեցին, նստեցին տները, եթե էդպիսի մի դեպք պատահի, ի՞նչ է լինելու մնացած հիվանդների հարցը, թեկուզ քիմիաթերապիայի կամ վիրահատված հիվանդի», -ասում է Գագիկ Մելքոնյանը։

Ի դեպ, մեզ տեղեկացրեցին, որ Ուռուցքաբանական դիսպանսերի և ոչ մի հիվանդ այս ընթացքում չի վարակվել կորոնավիրուսով, անձնակազմից ևս վարակվածներ չկան։

Հիվանդներից մեկը, որ 6-րդ քիմիան էր ստանում, բողոքեց, որ չի կարողանա գնալ Երևան։

«Չեմ կարողանա գնալ Երևան, ես կհրաժարվեմ մնացած քիմիաներից։ Երեխեքս էստեղ են, գալիս են, հաց են բերում, Երևան ո՞վ պիտի մեզ կերակրի, ամեն ինչ հաշիվ է, չէ՞։ Հենց զանգում եմ, երեխեքս հաց են բերում, փոխնորդ շորեր են բերում, իսկ Երևան բարեկամ չկա, տրանսպորտը՝ թանկ, ես հիվանդ մարդ, ինչպե՞ս կարող եմ գնալ Երևան։ Մարտի 4-ից ես այստեղ բուժվում եմ անվճար», ասաց բուժառուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031