Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք խաղաղության ջատագով ժողովուրդ ենք, բայց մեկընդմիշտ մերժել ենք մեր ազատության և ինքնության դեմ սանձազերծվող ոտնձգությունները. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց զոհված սպայի հուղարկավորության արարողությանը

Հուլիս 16,2020 17:49

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ուր նախագահեց Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

Եկեղեցու կարգից հետո Վեհափառ Հայրապետն իր վշտակցության խոսքն ուղղեց արարողությանը մասնակից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, զոհված սպայի սգակիր ընտանիքին, հարազատներին և ողջ մեր ժողովրդին։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո Վարչապետ,
Պաշտպանության մեծարգո Նախարար,
Սգակիր ընտանիք ու հարազատներ,
Սիրելի հավատավոր զավակներ մեր,
Այսօր աղոթական հոգով մեր քայլերն ուղղել ենք դեպի Եռաբլուրի բարձունք՝ հրաժեշտ տալու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքն ընծայած մեր ժողովրդի քաջազուն զավակին՝ Գարուշ Համբարձումյանին: Մեր աղոթքներում են նաև զոհված նրա զինակից ընկերներ Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով այս օրերին մարտական գործողություններ են ընթանում մեր հայրենիքի սահմաններին: Խաղաղ բնակավայրերի հրետակոծմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը աշխարհում համավարակի այս բարդ իրավիճակում կրկին փորձում է զենքի ուժով շրջանցել խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու ողջամիտ հնարավորությունը:

Հայոց քաջարի բանակը բացառիկ խիզախությամբ, նաև թանկ կորուստների գնով շարունակում է անառիկ պահել աստվածապարգև մեր Երկիրը: Այս աննկուն ոգով է դարեր շարունակ մեր ժողովուրդը պաշտպանել խաղաղ ու ապահով ապրելու իր արդար իրավունքը, հայրենի հողում արարել ու հարատևել։ Վճռական և օրհասական պահերին ազգիս նվիրյալ զավակները անձնազոհության մեծագույն առաքինությամբ են իրագործել Քրիստոսանմանության սխրանքը, քանզի առաքյալի խոսքի համաձայն, «չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. ԺԵ 13)։

Սիրելիներ, Հայոց բանակի մեր զորական զավակների սխրանքը պատմության ընթացքին ծնել է հերոսության բացառիկ օրինակներ, որոնք այսօր էլ արձանագրվում են որպես մեր փառապանծ հայրերի քաջագործություններին հավատարիմ ոգու դրսևորումներ: Բազում փորձությունների առաջ մեր ժողովուրդը միասնականությամբ, առ հայրենին սիրո, հանձնառության ու զոհողության մղումով է ամուր բռունցք դարձել և խորտակել թշնամիների հարվածները, հաղթել չարին, քանզի հավատացել է, որ «օրհնյալ Տերն է իր ապավենը, օգնականն ու փրկիչը» (հմմտ․ Սաղմ․ ՃԽԳ 1-2): Մենք խաղաղության ջատագով ժողովուրդ ենք, բայց մեկընդմիշտ մերժել ենք մեր ազատության և ինքնության դեմ սանձազերծվող ոտնձգությունները։ Եվ մենք քաջ գիտենք խաղաղության արժեքը, որ սրբագործված է մեր սրբազան հայրենիքի ու մեր անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քրտինքով ու արյամբ։ Մեր սերն ու խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված քաջարի մեր զավակների հիշատակի առջև։ Աղոթում ենք Երկնավորին, որ մեր բանակը շարունակի մշտարթուն իր առաքելությունը՝ ի խնդիր հայրենի մեր պետության սահմանների անսասանության և հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության:

Այսօր միասնական աղոթքով հայցենք, որ Ողորմածն Աստված Երկնքի արքայության հանգրվաններում հանգստություն և երանություն պարգևի մեր ազգի արժանավոր զավակների՝ Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի լույս հոգիներին և Սուրբ Հոգու բյուր շնորհներով մխիթարի և սփոփի սգակիր սրտերը զոհվածների ընտանիքների, հարազատների, զինակից ընկերների և բոլոր վշտացյալների:

Հայոց Եկեղեցու հոգևոր դասի անունից Մեր վշտակցությունն ենք բերում մեր ողջ ժողովրդին և սգացյալ ընտանիքներին։ Սիրելիներ, դուք միայնակ չեք ձեր կորստյան ցավի մեջ, ձեզ հետ է և ձեզ վշտակից մեր ողջ ժողովուրդը։ Սակայն ամենքիս մխիթարությունն է մեր հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը, նրա յուրաքանչյուր զավակի ապահովությունը։ Հերոսաբար նահատակված մեր սպաներն ու զինվորները անմահ են իրենց ծառայության սխրանքով։ Եվ նրանց անմեղ հոգիները երկնքի արքայության մեջ պիտի վայելեն Աստուծո սերն ու գթառատությունը, Ով ապավեն է Իր Սուրբ Անվանը հավատացողներին:

Մեր հայցն է առ Երկնավոր Տերը, որ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր բոլոր զինվորներին և միշտ պարգևի զորություն ու հաղթություն:
Աղոթք և օրհնություն վասն հավատո և վասն հայրենյաց զոհված մեր խիզախ զավակների լույս հիշատակին։

Յիշեսցէ Տէր զհոգիս նորոգ ննջեցելոց եւ հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031