Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ՀԱԵ-ն չի կարող աղանդ համարել Հայ կաթողիկե և ավետարանական եկեղեցիներին, սակայն դա չի նշանակում, որ այդ եկեղեցիները դավանակից քույր եկեղեցիներ են»

Հուլիս 16,2020 16:43

ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, նշել է, որ հայ ժողովրդի ազգային արժեքներն են, այդ թվում Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը:

Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանին խնդրեց պարզաբանել, թե Հայ առաքելական սուրբ եկեղեցին ինչպիսի՞ դիրքորոշում ունի հայ Կաթողիկե եւ Ավետարանական եկեղեցիների առնչությամբ: Հոգեշնորհ հայր սուրբը մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է.

«Պատմական տարբեր հանգամանքների բերումով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կրել է կաթոլիկ և ավետարանական միսսիոներների ակտիվ քարոզչության ցավալի պտուղները, հատկապես 15-19-րդ դարերում։ Ասվածը պատմական փաստ է, և որևէ մեկն այսօր այլևս չի կարող շահարկել այն՝ որպես պատմակրոնական ու քաղաքական մեկնաբանություն։ Այս միսսիոներական հոգեորսության արդյունքում դարերի ընթացքում ձևավորվել են Հայ կաթողիկե և Հայ ավետարանական հարանվանությունները, որոնք այսօր շարունակում են գործել որպես հայ ազգի կյանքում որոշակի ժամանակահատվածում գնահատելի դերակատարություն ունեցած համայնքներ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական հարանվանությունների հետ իր հարաբերություններում այս մոտեցումը դիտարկում է իբրև առաջնային սկզբունք։

Հայաստանյայց Առաքելական Մայր եկեղեցուց այս երկու համայնքների անջատման ընթացքում, ժամանակի ոգու և եկեղեցաբանական պատկերացումների համաձայն, Հայոց եկեղեցու նվիրապետերի կողմից արձակվել են ամենատարբեր, երբեմն ցավալի և անխուսափելի կանոնական որոշումներ, որոնք դեռ այսօր էլ շարունակում են մնալ իբրև պատմականորեն արձանագրված ու կանոնականորեն առկա իրականություններ։ Խոսքը մասնավորապես 1846 թվականին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մատթեոս Չուհաճյանի (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս, 1858-1865 թթ.) կողմից Հայ ավետարանականների դեմ արձակված բանադրանք-կոնդակի մասին է, որի մասին արծարծումներ եղան վերջերս մամուլում։ Ընդ որում, նմանատիպ որոշումներ և կոնդակներ ժամանակին հրապարակվել են թե՛ Հայ կաթողիկե եկեղեցու և թե՛ Աղթամարի ու Սսի կաթողիկոսությունների դեմ։ Նորից պետք է նշել, սակայն, որ դրանք այսօր առավելապես պատմական-կանոնական փաստեր են, որոնցից ոմանք, օրինակ Սսի ու Աղթամարի կաթողիկոսությունների դեմ բանադրանքները, փոփոխության են ենթարկվել ավելի ուշ շրջանի Ամենայն Հայոց կաթողիկոսների կողմից։

Հենց այս փաստերն ու կանոնական իրողություններն են պատճառը, որ այսօր Հայոց եկեղեցին նախաձեռնում է երկխոսություններ թե՛ կաթոլիկ և թե՛ հայ ավետարանական եկեղեցիների հետ։ Հայ կաթոլիկ եկեղեցու հետ երկխոսությունը տարվում է 2003 թվականից՝ Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջազգային աստվածաբանական հանձնախմբի շրջանակներում, իսկ Հայ ավետարանական եկեղեցու հետ՝ 2009 թվականից՝ հատուկ ներկայացուցչական միացյալ հանձնախմբի շրջանակներում։ Սա նշանակում է, որ այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կարող աղանդ համարել, բառի կրոնական-աստվածաբանական իմաստով, Հայ կաթողիկե և ավետարանական եկեղեցիներին։ Մյուս կողմից, սակայն, դա չի նշանակում, որ այս եկեղեցիները դավանակից քույր եկեղեցիներ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, այսինքն՝ ունեն նույն դավանանքն ու կարող են համատեղ Սուրբ Պատարագ կատարել։

Ամփոփելու համար ասեմ նաև, որ Հայ ավետարանական եկեղեցուց անջատված բազմաթիվ կրոնական համայնքներ կարող են դիտարկվել որպես աղանդ՝ հաշվի առնելով տոտալիտար իրենց բնույթն ու հոգեորսության աղանդավորական գործունեությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031