Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտալի շուկան կզարգացնեն, որպեսզի մարդիկ բորսայից բաժնետոմսեր գնեն

Հուլիս 16,2020 15:26

«Երկար ժամանակ ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունները ներդնելու միայն մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում. բիզնեսն իր հերթին ֆինանսավորման միայն մեկ տեղ ունի՝ բանկային համակարգը»: Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն այսօր հաստատեց Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը: Վարչապետի խոսքով, պետք է հաջորդ փուլ մտնենք, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլեւ բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, անել ներդրումներ. «Սա այդ ընկերությունների համար հնարավորություն է նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու»: Դրա համար, ըստ վարչապետի, պետք է լինեն ընկերությունները, որոնք կառաջարկեն իրենց բաժնետոմսերը, իսկ դրա համար պետք է աշխատեն թափանցիկ. «Հույս ունենք, որ առաջիկա շրջանի այն պրոցեսները, որ մեր տնտեսության մեջ տեղի կունենան, կառավարությունը հավելյալ հնարավորություններ կստանա նպաստելու կապիտալ շուկայի զարգացմանը գործնական, եւ մեր երկրում ի վերջո ֆոնդային բորսան կդառնա ամենաաշխույժ տնտեսական տեղերից մեկը եւ կդառնա մեր տնտեսության զարկերակը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձեւավորվի, ապա կարելի է այն համարել տնտեսական հեղափոխության ամենակարեւոր արտահայտություններից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Այսօրվա բիզնես միջավայրն այնպես չէ, որ գան տեղում մեծ հետազոտություն անեն, գումար ծախսեն, բոլորը ցանկություն ունեն ներդրում անել, բայց ուզում են գործիքը տեսնել արդի ձեւով»: Ըստ նրա, ծրագրի իրականացման արդյունքում արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031