Այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով հարցին՝ արդյոք Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմն ընդամենը երկու դիվերսիոն գործողություն է իրականացրել, ասաց. «Չէի ուզենա նշել, որ դիվերսիոն միայն երկու փորձ է եղել, որովհետեւ շատ դեպքերում մարտական գործողություններն ընթանում են համակարգված խառը մարտավարությամբ, այսինքն՝ զուգահեռ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցված հարվածներին զուգահեռ ընթացել են նաեւ ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողություններ»:
Արծրուն Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այս երկուսն ամենացայտուն դեպքերն են, որոնք համարում են դիվերսիոն գործողություններ. «Սակայն, անկեղծ ասած, ծավալով ավելին են, քան դիվերսիոն գործողությունը: Դա դասական մարտավարությամբ հարձակում է՝ մոտավոր հարյուր հոգին մի վաշտ է, եւ եթե հաշվի առնենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներն են, բնականաբար, պատրաստվածությունն ու սպառազինումը շատ մեծ է: Դասական վաշտի կանոններով, վստահ եմ, հարյուր հոգուն չի աջակցել մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել: Իսկ սա նշանակում է, հարձակման ծավալները բավականին ավելի մեծ են, քան դասական մարտավարական կանոնագրքերում»:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ որպես կանոն, հատուկ ստորաբաժանումները կիրառվում են գործողություններին ծածուկություն, անակնկալություն տալու համար. «Իսկ եթե արդեն ընթացիկ է, ու հետո են էլիտար ստորաբաժանում կիրառում, բնականաբար, փորձում են ավելի մեծ արդյունք ստանալ: Հասկանալի է, որ ցամաքային զորքերի սովորական շարային, համազորային գնդերի ու գումարտակների ստորաբաժանումներն ի վիճակի չեն խնդիրը լուծել ու հատուկ էլիտար ստորաբաժանումն են կիրառում»:
Արդյոք ադրբեջանական զինված ուժերը շարունակում են զինտեխնիկայով տեղակայվել խաղաղ բնակավայրերում, հարցին ի պատասխան պարոն Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, որ Ադրբեջանը սկսել է մարդու իրավունքների կամ սեփական քաղաքացուն գնահատել: Այո, շարունակելու են թիրախավորել խաղաղ բնակիչներին, որպեսզի հետո մեզ մեղադրելու հնարավորություն ունենան»:
Կարդացեք նաև
Արծրուն Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց՝ հայկական կողմի ԱԹՍ-ն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ադրբեջանական կողմում բնակիչներին զանգվածաբար տարհանում են, Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ շատ հավանական է. «Ադրբեջանական լրատվամիջոցներում տեսնում ենք նման տեղեկություններ, որոնք փորձում են ներկայացնել, թե իբր այդ ժողովուրդը ելել ու ոտքով գալիս է առաջնագիծ: Ասենք՝ տարօրինակ է, կինը՝ երեխան գրկում գալիս է առաջնագիծ»:
Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին, ըստ պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանական կողմը խախտելով հրադադարը, վերսկսել է ռազմական գործողությունները, պաշտոնական հաղորդագրությամբ՝ դրանք ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններ են: Հայկական կողմն ունի չորս զոհ, իսկ ադրբեջանական կողմի զոհերի թիվը տասից ավելին են:
Որոշ դադարից հետո այս գիշեր մարտերը շարունակվել են, ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, անցնելով շրջանաձեւ պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով՝ հետ է շպրտվել։ Այնուհետեւ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ-30 հաուբից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ