Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը հուլիսի 15-ին հանդես են եկել վերջին օրերին ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, որը հրապարակվել է ռումինալեզու Araratonline հանդեսում։
Քաղաքական հայտարարություն
Հուլիսի 12-ից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ սկսելով ռազմական էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ։ Այդ գործողությունների միջոցով Ադրբեջանն ագրեսիա է կիրառել ոչ թե Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, այլ հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա՝ հարձակվելով Հայաստանի խորքում գտնվող հայկական զինված ուժերի վրա։ Չսահմանափակվելով դրանով՝ հուլիսի 13-ից և 14-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են շփման գծից հեռու գտնվող հայկական խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Բերդ քաղաքը և հարակից գյուղերը։
Հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման ինտենսիվությունն, ինչպես նաև օգտագործված հետևակի քանակը կրում են աննախադեպ բնույթ:
Կարդացեք նաև
Ադրբեջանի այս սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը։
Հակառակ միջազգային հանրության զսպվածության կոչին՝ Թուրքիան վերստին ծայրաստիճան ագրեսիվ և կողմնակալ դիրքորոշում դրսևորեց։ Միջադեպից ժամեր անց Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության մեջ Թուրքիան իր անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին և Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց: Այս իրողությունը գալիս է փաստելու, որ Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերում, նախևառաջ՝ ԵԱՀԿ բանակցությունների շրջանակներում։
Մենք, ներքոստորագրյալներս, խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը և Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ոտնձգությունները, ինչպես նաև հայկական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության վրա հարձակումները։
Վարուժան ՈՍԿԱՆՅԱՆ
Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր
Վարուժան ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ
Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր