Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Երեկ՝ 24 ժամյա հրադադարից հետո, ադրբեջանցիները շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել, բայց մեր դիրքի զինծառայողների գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ, այդ ընթացքում կորցնելով նաև որոշակի զրահատեխնիկա: Առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ լրատվական ծառայությունն արդեն ընդունեց իրենց կորուստները: Ադրբեջանի Զինված ուժերը գործողության տապալումից հետո սկսել են հրետանակոծել Տավուշի գյուղերը: ՀՀ ՊՆ-ն հերքում է առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությունը, թե իբր հայկական զինված ուժերը կիրառել են ԱԹՍ-ներ, որն իրենք խոցել են:
Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունների հիմնական թիրախ են եղել Այգեպար, Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ համայնքները և Բերդ քաղաքը։ Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք: Մեր բնակավայրերում վնասվել են տասից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ: Վնասվել է ջրագիծ՝ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են։ Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով քաղաքացիական բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Վաղ առավոտյան ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի, շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է տա վնասների չափի և ծավալների վերաբերյալ։ Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը»։