Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին գումարել է արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը:
Անցնելով նստաշրջանի աշխատանքներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն է, որը քննարկվելու և քվեարկվելու է երկու ընթերցմամբ:
Խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ:
Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցի քննարկմանը:
Կարդացեք նաև
«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող համաներումը ունի նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 2020թ-ի հուլիսի 1-ը, ներառյալ` հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահը հայտարարել է, որ այսօր 16:30-ին նախագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Արցախի Հանրապետության ԱԺ