Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Չոբանյան. «Այսօր հրետակոծությունից վնասվել են տասից ավելի առանձնատներ. ընդհանուր 30 առանձնատուն է վնասված»

Հուլիս 16,2020 14:08

Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին վաղ առավոտից վերսկսված ռմբակոծության թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես գյուղերը եւ Բերդ քաղաքը: Այսօր այս մասին Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա նշեց, որ այսօր վնասվել են տասից ավելի առանձնատներ, որոշ ենթակառուցվածքներ, Այգեպարի մանկապարտեզի շենքը, ռմբակոծվել է Տավուշի մարզի ջրագիծը, որն այս պահին վերականգնվում է:

«Առավոտյան մոբիլիզացվում են քաղպաշտպանության բոլոր խմբերը՝ բոլոր ուղղություններով աշխատանքներ են տանում բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա, բնակիչները գտնվել են ապաստարաններում եւ նկուղներում: Քաղաքացիների շրջանում զոհեր ու վիրավորներ չունենք»:

Մարզպետն ասաց, որ հանձնաժողով է ստեղծվել, գնահատվելու եւ գույքագրվելու են բնակիչների կրած վնասները, եւ ինչպես մարզպետն ասաց, վաղվանից վերականգնման աշխատանքներ են սկսվելու, իսկ այն տները, որոնց վերակառուցումը նպատակահարմար չլինի, ապա կառավարության աջակցությամբ նորն է կառուցվելու. «Ուզում եմ նշել, որ մեր բնակիչները անհոգ ու վստահ լինեն՝ ամենասեղմ ժամկետներում լուծելու ենք բնակարանների վերականգնման աշխատանքները»:

Ընդհանուր առմամբ, ըստ Հայկ Չոբանյանի, վնասվել է երեսուն առանձնատուն, նախնական գնահատականներով երկու տուն ոչ թե կվերականգնվեն, այլ, իր խոսքերով ասած՝ զրոյից կկառուցվեն:

Մարզպետը բնակիչներին հորդորեց զգոնությունը պահպանել, ցանկացած պահի եւ ցանկացած բնակավայրում կարող է իրավիճակ փոխվի, նա բնակիչներին կոչ արեց՝ եթե անհետաձգելի աշխատանք չունեն, մնան պատսպարված: Հայկ Չոբանյանը վստահեցրեց՝ համայնքներում որեւէ խուճապ չկա. «Իրավիճակը կայուն է եւ վերահսկելի»:

Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին, ըստ պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանական կողմը  խախտելով հրադադարը, վերսկսել է ռազմական գործողությունները, պաշտոնական հաղորդագրությամբ՝ դրանք ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններ են: Հայկական կողմն ու չորս զոհ, իսկ ադրբեջանական կողմի զոհերի թիվը տասից ավելին են:

Որոշ դադարից հետո այս գիշեր մարտերը շարունակվել են, գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, անցնելով շրջանաձեւ պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետեւ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031