Վերջին օրերին առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, մինչ Հայաստանի զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը, մեզ հարկավոր է ամուր թիկունք. «Եվ այս առումով ես ուզում եմ արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակում գրանցվել։ Երեկ գրանցվել է 554 դեպք՝ 2190 թեստերի ընդհանուր թվից։ Եվ ես այս համատեքստում մեր հայրենակիցներին կրկին ուզում եմ կոչ անել՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, վերլուծությունները ցույց են տալիս, որ դեպքերի թվի նվազումը կարող է կապված լինել հակահամաճարակային միջոցառումների, մասնավորապես՝ դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ բացարձակ թվով դեռ մեծ ցուցանիշ է գրանցվում եւ 554 նոր դեպքը այն ցուցանիշը չէ, որին ձգտում են. «Սակայն, համեմատական անցկացնելով, մոտավորապես երկու շաբաթվա վաղեմության թվերի եւ իրավիճակի հետ, այնուամենայնիվ, պետք է ընդգծենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու եւ մեր քաղաքացիներին արագ ու պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց։ Թվի բացարձակ մեծ, բայց միեւնույն ժամանակ կայուն լինելը արդյունք է այն բոլոր հակահամաճարակային միջոցառումների, որ կառավարությունը եւ ազգաբնակչությունը իրականացնում են»:
Պարոն Թորոսյանը նաեւ հայտնեց, որ արդեն չորրորդ օրն է, որ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չկա. «Ծայրահեղ ծանր եւ ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն եւ տատանվում է 650 թվի շուրջ, ինչպես նաեւ մոտ 50 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Դժբախտաբար, նաեւ լինում են մահվան դեպքեր, հատկապես՝ մեր բավական տարեց եւ քրոնիկական հիվանդություն ունեցող քաղաքացիների շրջանում։ Եվ այդ առումով նրանց պաշտպանությանն առանձին ուշադրություն դարձնելը կրկին մեր բոլորի պարտքն է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ