«Տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանի ուղղությամբ: Գործողություններն արժանացել են մեր ԶՈՒ-ի կողմից համարժեք պատասխանի: Դիվերսիայի փորձը կանխվել է, այդ թվում՝ նաեւ երեկ գիշեր տեղի ունեցած դիվերսիայի փորձը: Բնականաբար, ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերը չեն բավարարվում միայն մեր զինված ուժերի ուղղությամբ արձակվող կրակոցներից, այդ թվում եւ հրետանային եւ լուրեր ստացանք, որ գնդակոծում են նաեւ քաղաքացիական բնակչությանը, գյուղերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ վկայակոչելով այն կադրերը, որոնք ցուցադրում են, որ արկերից մեկը, մի քանիսն ընկել են խաղաղ բնակիչների տների վրա ու բարեբախտաբար՝ զոհեր չկան:
«Նաեւ տեսանք, որ այդպիսի դեպք եղել է նաեւ մանկապարտեզի հետ կապված, մասնավորապես՝ Այգեպար գյուղում: Այս ամենը խիստ դատապարտելի է: Այս ամենը բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաների խախտում է՝ ակնհայտ ճչացող: Եվ մեր ԱԳՆ-ից, ե՛ւ խորհրդարանականները իրենց դիվանագիտական խողովակներով այս ամենի մասին պարբերաբար ու շատ մանրամասներով տեղեկացնում են բոլոր միջազգային գործընկերներին, բոլոր կառույցներին, որտեղ մենք անդամակցություն ու մասնակցություն ունենք»:
Հարցին՝ դուք ինքներդ դիմել եք բազմաթիվ երկրների խորհրդարանների ղեկավարներին, արձագանքն ինչպիսի՞ն է: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպառլամենտի նախագահին, ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»:
Թե ինչու Ադրբեջանը գնաց նման սադրանքի՝ Արարատ Միրզոյանի խոսքով՝ վերլուծությունները տարբեր են. «Դուք էլ եք կարդում վերլուծություններ, որ համաճարակի մասով բարդ իրավիճակ է ստեղծված այդ երկրում, ե՛ւ բազմաթիվ տնտեսական, քաղաքական խնդիրներ ունենք: Նաեւ տեսակետ կա այն մասին, որ այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է պարպել երկրի ներսում առաջացած դժգոհությունը եւ այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ: Շատ հատկանշական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները որեւէ կերպ Արցախին չէին առնչվում, այլ հենց ՀՀ սահմաններին»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ընթացիկ»: Թե ինչու է ՀԱՊԿ-ը հավասարության նշան դնում իր անդամ երկրի ու անդամակցող Ադրբեջանի միջեւ՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ըստ էության, խաղաղություն հաստատելու կոչեր են եւ պետք է ասեմ, որ ՀԱՊԿ-ում մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը եւ այլ միջամտության կարիք չունի»:
Հարցին՝ եթե զուգահեռ անցկացնելու լինենք այս դեպքերի եւ 2016-ի ապրիլյան պատերազմի միջեւ, մեր ԶՈՒ-ի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում՝ Միրզոյանը պատասխանեց. «Մեր զինվորների անձնազոհ պահվածքը, մեր սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը բարձր եմ գնահատում մշտապես, ե՛ւ նախկինում, ե՛ւ այժմ: Տարբերություն կան այլ հարթությունում, հատկապես՝ ռազմաքաղաքական եւ քաղաքական ղեկավարության դիրքորոշումների առումով: Այս պահին չէի ցանկանա համեմատականներ անել, նույնիսկ եթե պիտի առավելություններն ընդգծեի այժմյան իրավիճակի եւ այժմյան քաղաքական ղեկավարության, զերծ կմնայի: Պատմությունը միշտ ամեն ինչ տեղն է դնում: Համեմատություններ արվում են, կարող եք թերթել ձեր սոցցանցերի լրահոսը, պատասխանը ավելի քան միանշանակ է: Կարող եք առանձնացնել 3 մլն-ից 1 տասնյակ այսպես կոչված գործիչների գնահատականներ, դիրքորոշումներ, որոնց գնահատականը ես ինքս նաեւ շատ մեծ գայթակղություն ունեմ տալու այս պահին, բայց կփորձեմ իմ մեջ ուժ գտնել ու այս պահին զերծ կմնամ դա անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ