Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան արջի ծառայություն է մատուցում Ադրբեջանին». Վաղարշակ Հարությունյան

Հուլիս 16,2020 13:34

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ Ադրբեջանը նաև պարտություն է կրել միջազգային հարաբերություններում:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նա հայտարարեց. «Եթե Ադրբեջանը մտածում էր, թե միջազգային հարաբերություններում առաջին տեղ է գալիս ուժի գործոնը, ապա միջազգային հարթակներում Ադրբեջանին պատասխանից պետք է նա հասկանա, որ չի եկել այն պահը, երբ միջազգային հարաբերություններում առաջին պլան է եկել ուժի գործոնը»:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առիթով ՀԱՊԿ հայտարարության մասին՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Մենք պիտի ճիշտ հասկանանք՝ ինչու հասցեագրված չէին այս հայտարարությունները, քանի որ միջազգային կառույցները, պետությունները հայտարարություններ անելիս պետք է դրա տակ ունենան փաստաթղթեր, հիմնավորումներ: Իսկ զինադադարի խախտման պարագայում, երբ չկան վերահսկման մեխանիզմներ, թե որտեղից են սկսվել այդ խախտումները, կոչ են անում երկու կողմին: Բայց բոլորը գիտակցում են, որ մեզ պետք չէ պատերազմ, մենք բանակցում ենք և ուզում ենք Արցախի հարցը լուծել բանակցային ճանապարհով: Ակնհայտ է, որ այս վիճակը բերում է նրան, որ միջազգային կառույցները կոչ են անում երկու կողմին, քանի որ չկա մի կառույց, որն ասի՝ ով է սկսել»:

Ըստ նրա՝ Ադրբեջանի վարած հակահայկականության հարցում մեծ դերակատարություն ունի նաև Թուրքիայի գործոնը. «Մի կողմից նավթի գներն ընկել են, Ադրբեջանի բյուջեն լրջագույն խնդիրներ ունի, դրա հետևանքով լուրջ սոցիալական դժգոհություններ կան, մյուս կողմից ունեն խնդիր ջրի հետ կապված, կլաններով է ներքին կյանքը ղեկավարում: Եվ այդ ֆոնի վրա Ադրբեջանը փորձում է դա մեղմել և նաև ավելանում է ներքին գործոնը, և այս ամենը նա օգտագործում է, որ հարթեցնի իր ներսում եղած խնդիրները: Բայց ամենակարևորն այն է, ողջ այս հակահայկական տրամադրությունները գալիս են Թուրքիայից: Թուրքիան ունի նպատակ վերականգնել թուրքական կայսրությունը՝ խալիֆաթը, սուլթանատը: Եվ վերջին քայլը Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելը, որի առիթով Էրդողանն ասաց, որ սա առաջին քայլն է հզոր Թուրքիայի վերականգնման: Թուրքիան նկատի ունի այդ կայսրությունը: Այստեղ Թուրքիան արջի ծառայություն է մատուցում Ադրբեջանին, հրահրում է պատերազմ և դրա միջոցով ուզում է լուծել նեոօսմանիզմի գաղափարի խնդիրը»:

Հարցին՝ ի՞նչ դերակատարություն ունի Նախիջևանը, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Նախիջևանն այն տարածքն է, միջոցը, որով Թուրքիան իրականացնում է իր պանիսլամական նեոօսմանիզմի ծրագիրը: Դա այն պլացդարմն է, որտեղից Թուրքիան ուզում է թռիչք իրականացնել դեպի արևելք, մյուս կողմից դեպի հյուսիս՝ Ռուսաստան: Նախիջևանը օգտագործվել է նաև պատերազմի տարիներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031