Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի՝ ադրբեջանական բանակի «անպարտելիության» քարոզչական միֆը պայթել է

Հուլիս 16,2020 14:00

Վաղ թե ուշ կտրվի նաեւ Ալիեւի ռեժիմի «հզորության» միֆը հօդս ցնդեցնելու գործընթացի մեկնարկը

Հուլիսի 14-ի ուշ երեկոյան Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բաքվում, բազմամարդ ցույցեր են անցկացվել: Ըստ տարբեր լրատվամիջոցների, նաեւ՝ ռուսաստանյան, ցույցերն աննախադեպ են եղել, քանի որ դրանց մասնակցել են մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ, փաստ, որը Ադրբեջանի պարագայում, թերեւս, ուշադրության է արժանի:

Պարզ է, որ նման մասշտաբի ցույցերը պետք է իշխանության աջակցությունը վայելեին, եւ այդպես էլ եղել է: Բաքվում բողոքի ցույցի մասնակցներին ուղեկցել են ոստիկանական ուժեր, որոնք չեն խոչընդոտել նրանց երթին, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում արտակարգ դրության ռեժիմ է:

Ցույցի նպատակը՝ ադրբեջանական բանակին աջակցությունը հայտնելն է եղել, սակայն լուսադեմին մի խումբ ցուցարարներ ներխուժել են խորհրդարանի շենք: Շենքը հսկող ոստիկանական ուժերը որեւէ քայլ չեն ձեռնարկել ցուցարարների մուտքն արգելելու համար, սակայն հետո ժամանել են արագ արձագանքման ոստիկանական ուժերը եւ մարդկանց ուժով դուրս են բերել շենքից: Այնուհետեւ փողոցում գտնվող ցուցարարներին ցրելու նպատակով օգտագործվել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ձերբակալվածների մասին տեղեկություններ են տարածվել: Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ՝ իրավապահներին չի հաջողվել ամբողջությամբ ցրել ցույցը, ակցիայի մասնակիցների մի խմբի կողմից հնչել են հրաժարականի պահանջներ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, որոշ ցուցարարներ սկսել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմադին Սադիխովի հրաժարականի կոչեր անել: Կան տեղեկություններ նաեւ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրաժարականը պահանջելու կոչերի մասին:

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ից սրված իրավիճակի, մարտական գործողությունների հետեւանքով, ադրբեջանական կողմից, ըստ տարբեր աղբյուրների՝ զոհվել են 11-12 զինվորականներ, այդ թվում՝ գեներալ, գնդապետ եւ այլ բարձրաստիճան սպաներ, եւ մեկ քաղաքացիական անձ: Հայկական կողմը հաստատել է, որ գործողություններից հետո դիրքային առումով առավել բարենպաստ վիճակում է, չնայած այն փաստին՝ ունենք 4 զոհ:

2016թ. ապրիլյան պատերազմի հետ համեմատությամբ՝ մասշտաբային առումով, ըստ ամենայնի, կան տարբերություններ: Սակայն կա մեկ անհերքելի իրողություն. Ալիեւը կրկին ձախողվեց. նա իր հաշվարկներում դարձյալ սխալվեց:

Եթե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ալիեւի ձախողմանը ադրբեջանական հասարակությունն այնքան էլ չէր հավատում՝ այսօր կարծես ադրբեջանական համացանցում փոքր-ինչ այլ տրամադրություններ են: Նույնիսկ ի հայտ են գալիս վերլուծություններ ադրբեջանցի հեղինակների ստորագրությամբ՝ «երկրի ներսում առկա թշնամիների» թեմայով:

Խոսքը այն ադրբեջանցիների մասին է, որոնք սոցիալական ցանցերում ադրբեջանցի սպանված զինծառայողների հուղարկավորության մասին ռեպորտաժների,  նյութերի ներքո մեկնաբանություններ են արել այսպիսի բովանդակություններով՝ «ինչո՞ւ են զոհվում աղքատ ընտանիքների զինվորները», «սա՞ է ադրբեջանական «հզոր բանակը…»:

Վաղ թե ուշ, ադրբեջանական հասարակության մեջ ավելի հնչեղ է լսվելու՝ «անպարտելի ադրբեջանական բանակի» մասին Ալիեւի պնդման ճշմարտացիության հարցը: Ալիեւի քարոզչական միֆը, եթե այսօր Ադրբեջանում փոքրաթիվ մարդկանց գլխում է ծագել, չի կարելի բացառել, որ մոտ ապագայում այն դառնա ոչ միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջի պատճառ, այլ՝ հենց Ալիեւի:

Գրեթե երկու տասնամյակ Ալիեւը չի հոգնում Ադրբեջանի հասարակությանը սնել հայատյացության քարոզով, ադրբեջանական «հզոր», «անպարտելի» բանակի մասին ելույթներով, ցույց տալով իբր՝ «մեծահոգաբար» առայժմ սպասում է Հայաստանի կողմից զիջման Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, ու սպառնում՝ «մեր համբերությունն էլ սահման ունի»…

2016թ. ապրիլյան պատերազմից հետո 4 տարի անց, հուլիսի 12-ին Ալիեւը նորից որոշեց ցույց տալ, որ «սպառվել է նրա համբերությունը» եւ դարձյալ՝ հայտնվեց նույն «կոտրած տաշտակի» առջեւ:

Ադրբեջանական բանակի կարողությունների մասին՝ Ալիեւի քարոզչական փուչիկը ադրբեջանական հասարակության մեջ պայթել է, եւ չի կարելի բացառել, որ այս ամենով, վաղ թե ուշ տրվի նաեւ Ալիեւի ռեժիմի «հզորության» միֆը հօդս ցնդեցնելու գործընթացի մեկնարկը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031