ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը հեղինակել են «Իմ քայլի» մի խումբ պատգամավորներ, փոփոխություն է կրել: Մասնավորապես, առաջին ընթերցման ժամանակ սահմանվել էր, որ հիվանդության հիմքով բացակայող պատգամավորը կարող է գրավոր քվեարկել, ինչի հետ այդ թվում «Իմ քայլի» պատգամավորների մի մասը համաձայն չէր: Երեկվա խորհրդարանական քննարկումներում առաջարկվեց սահմանել միայն արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակը, որպեսզի տարընկալումների տեղ չմնա:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում օրինագծի համահեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց փոխված տարբերակը, որում ամրագրված է՝ համաճարակի հետեւանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրավասու մարմնի ցուցմամբ մեկուսացման մեջ գտնվող պատգամավորները կարող են քվեարկել գրավոր:
«Այս գործիքը կիրառվելու է բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ ինքնամեկուսացման եւ մեկուսացման մեջ գտնվող պատգամավորների առնչությամբ: Սա վերաբերում է նաեւ հանձնաժողովների նիստերին եւ ԱԺ խորհրդի անդամ պատգամավորներին»,-նշեց Հովակիմյանը:
Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց՝ գործադիրն օրինագծի վերաբերյալ առարկություններ այլեւս չունի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ