«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ դժգոհել է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունից եւ ընդգծել, որ գոհ չէ միջխորհրդարանական կառույցներում ադրբեջանցի դիվանագետների եւ պատգամավորների կատարած աշխատանքից, դրա արդյունավետությունից»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Այս գնահատականը ոչ այլ ինչ է, քան բարձր գնահատական՝ ՀՀ ԱԳՆ-ին եւ խորհրդարանական դիվանագիտության փայլուն (թույլ տվեք անհամեստ գնահատական հնչեցնել) աշխատանքին: Բոլոր ճակատներով աշխատանք ենք իրականացնում: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ եւ ՀՀ-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ կարող եմ ասել, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը, համայնքները, Հայ դատի հանձնախումբը, եկեղեցին, աջակցում են ինձ եւ մյուս պատգամավորներին: Կիպրոսի եւ Հունաստանի՝ ՀՀ-ին սատարող հայտարարությունների համար շնորհակալ եմ մեր բոլոր հայրենակիցներին, որոնք համախմբվել են մեր շուրջը»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ՀՀ-ի հանդեպ ադրբեջանական ագրեսիան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ