«Երեկվա քննարկումներից տպավորություն է, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու այս օրինագծին: Ինձ համար հասկանալի է, որ մեդիա ոլորտում բարեփոխումներին ընդդիմադիր գործընկերները զգուշությամբ են վերաբերվում՝ տարբեր եւ հասկանալի պատճառներով»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի համահեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրինագծի մասին:
«Հարգում եմ այդ դիրքորոշումը, բայց ելույթներ եղան ներառականության եւ հ/կ-ների ոլորտին չներգրավելու մասին: Դեռեւս նախորդ տարի հ/կ-ների ոլորտում մասնագիտական խմբերի հետ ենք հանդիպել, գույքագրել տարբերությունները, շարունակել աշխատել նրանց հետ, բայց մեր առաջարկած կոնցեպտի շուրջ: Վերջերս շատ է խոսվում, որ հ/կ-ները մտահոգություն են հայտնում: Նախկինում մեր ընդդիմադիր գործընկերներն ասում էին, թե ինչու եք հ/կ-ների՝ այդ գրանտակերների հետ աշխատում, բայց այսօր մեզ մեղադրում են, թե ինչու չենք աշխատում նույն հ/կ-ների հետ»,-նշեց նա:
Հայրապետյանի խոսքով. «Այդ աշխատանքը մեր համար կարեւոր է, բայց դա չի նշանակում, թե հ/կ-ները կարող են իրենց կամքը մեզ թելադրել: Այո, մենք բաց ենք քննարկումների համար, բայց դա չի նշանակում, թե որեւէ մեկը կարող է խաղի կանոններ թելադրել պատգամավորներին: Լսել ենք ու քննարկել, մասնակի ընդունել իրենց դիրքորոշումները, բայց իրականացրել ենք մեր քայլերը: Եթե կլինեն պատգամավորներ, որոնց հնարավոր կլինի կամք եւ խաղի կանոններ թելադրել, ապա մենք այդ թվին չենք դասվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ