«ՀՀ պարետ, հազարավոր ՀՀ քաղաքացիներ Ռուսաստանում, Բելառուսում եւ ԱՊՀ այլ երկրներում են գտնվում իրենց մեքենաներով, ուզում են, բայց չեն կարող վերադառնալ չարտերային թռիչքներով»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նկատի ունի այն փաստը, որ կորոնավիրուսի տարածման պատճառով որոշ երկրների սահմանները դեռեւս փակ են, եւ ՀՀ քաղաքացիները ցամաքային ճանապարհով հայրենիք վերադառնալ չեն կարողանում:
«Պարետին առաջարկում եմ Վրաստանի հետ բանակցելու հնարավոր տարբերակներ գտնել եւ հնարավորություն տալ, որ հայկական մեքենաները մտնեն Վրաստան եւ անցնեն ՀՀ: Խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, որոնք իրենց շարժական գույքը չեն կարող թողնել ԱՊՀ երկրներում: Մարդիկ ուզում են գալ, նրանք էլ են ծանր վիճակում, աշխատանք չունեն: Արդեն 4-րդ ամիսն է՝ այս խնդիրը չենք կարողանում կարգավորել: Կարծում եմ՝ հնարավոր է կարգավորել պարետի, վարչապետի միջամտությամբ՝ վրացական կողմի հետ բանակցելով»,-հավելեց Մարուքյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ